ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի «Ավոյի» 60-ամյակը մեծ շուքով նշվել է Մասիս քաղաքում, որտեղ նա բազմիցս եղել եւ Մասիսի կամավոր տղաների հետ պայքար է մղել հանուն Հայաստանի անկախության: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մասիսի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: Մասիսի Կենտրոնական հրապարակում ներկաները ծաղիկներ խոնարհեցին ազատամարտիկների անունը հավերժացնող հուշարձանի առջեւ, որից հետո ջահերով շարժվեցին Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց:
Միջոցառմանը ներկա էին Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանը, Մասիսի Սբ. Թադեոս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը, ՀՈԱԿ-ների տնօրեններն ու Մոնթեի մարտական ընկերները: Բնօրրանից հազարավոր կիլոմետրեր հեռու` «Ավոն» իր անկեղծությամբ եւ նվիրվածությամբ դարձավ ամեն մի հայի սիրված հրամանատար: Երեկոն սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո ցուցադրվեցին հատվածներ Մոնթեի սխրանքների վերաբերյալ եւ հնչեցին հայրենասիրական երգեր: Միջոցառման ընթացքում հերոսի մասին խոսեց Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Հենրիկ Ղահրամանյանի մայրը, ով նշեց, որ հայ ազգը բոլոր ժամանակներում էլ ունեցել է նվիրյալ հայորդիներ եւ հայ մայրերը միշտ էլ հայրենասիրական ոգով են դաստիարակել իրենց զավակներին: Մարտական ընկերները հետաքրքիր հուշեր պատմեցին իրենց հրամանատարի մասին եւ նշեցին, որ Մոնթեն բացառիկ անհատականություն էր ու զերծ էր ամեն տեսակ ձեւականություններից:
Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականին՝ ԱՄՆ-ում, Եղեռնի ճիրաններից փրկված եւ Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում:
1991-ին սեպտեմբերին Մոնթե Մելքոնյանն առաջին անգամ մեկնել է Հյուսիսային Արցախ: Նա արցախյան պատերազմի ակտիվ մասնակից է, հայազգի հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի եւ Իրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից, Հայրենանվեր գործունեության համար արժանացել է Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների ազգային հերոսի կոչման:






























