Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիության հետ համաձայնության է եկել Brexit-ի դիմաց վճարած հաշիվների չափը գաղտնի պահելու շուրջ։ Այս մասին հայտնում է The Sunday Times-ը։ Այն կարող է գերազանցել 40 մլրդ ֆունտ ստեռլինգը։

Պարբերականի տեղեկություններով՝ Մեյը եվրոպացի առաջնորդներին վստահեցրել է, որ ԵՄ կազմից դուրս գալու համար պատրաստ է ավելի շատ գումար վճարել, որպեսզի դեկտեմբերին Եվրոպական խորհրդի գագաթնաժողովին համաձայնեցնի Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի միջեւ նոր առեւտրային գործարքի պայմանները։ «ԵՄ-ից դուրս գալու մասին համաձայնագրում թվեր չեն լինի»,- մեջբերում է թերթը ԵՄ բարձրաստիճան աղբյուրի խոսքը։

Եվրոպական խորհրդի գագաթնաժողովին ԵՄ-ի առաջ կոնկրետ բրիտանական պարտականություններ չեն ամրագրվելու գրավոր ձեւով, որպեսզի հնարավոր լինի խուսափել քաղաքական աղմուկից։ Լոնդոնը միայն պետք է նշի ոլորտները, որոնց շրջանակում պահպանելու է նախկինում ստանձնած պարտավորությունները։