Իրաքը նոր խողովակաշար կկառուցի, որպեսզի հյուսիսային Քիրքուքից հարեւան Թուրքիա նավթի արտահանումը վերսկսի: Այս մասին հաղորդում է AFP-ն` վկայակոչելով Իրաքի նավթի նախարարությանը:

Իրաքի նավթի նախարար Ջաբար ալ Լուայբին հանձնարարել է «Քիրքուքի նավթային հանքավայրից նավթը Թուրքիայի Ջեյհան նավահանգիստ տեղափոխելու համար» նոր խողովակաշարի կառուցման համար փաստաթղթեր  նախապատրաստել: Հին խողովակաշարը «ԻՊ խմբավորումների հարձակումների արդյունքում վնասվել  է», ասել է նա:

Իրաքն այդ խողովակաշարով  օրական 250 հազարից մինչեւ 400 հազար բարել է արտահանել, մինչեւ ԻՊ ահաբեկիչները 2014 թվականին գրավեցին այդ տարածքները: