Գրող, մեկենաս եւ մոտիվացիոն հռետոր Նիկ Վույչիչը Synergy Global Forum-ի ժամանակ պատմել է երջանիկ զգալու երեք միջոցների մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք, ով դեպրեսիայի մեջ է կամ ուտում է իրեն երջանիկ զգալու համար, պետք է նստի եւ գրի առնի այն 5-10 բաները, որոնց համար ինքը շնորհակալ է: Նա պետք է հիշի, որ ինքն այս իրավիճակի միջով միայնակ չպետք է անցնի. մենք բոլորս երբեմն կարիք ունենք ինչ-որ մեկի հետ խոսելու, այդ ամենը մեր ներսում չպահելու:
Հիշեք, որ կարելի է օգնություն խնդրել, չվախենալ դրանից: Դա երկրորդ միջոցն է»,- «ինչպե՞ս երջանիկ դառնալ» հարցին ի պատասխան ՝ լրագրողներին ասել է Վույչիչը:
Երջանկանալու երրորդ միջոցը նա համարել է կարիքավոր մարդուն օգնության ցուցաբերումը։
«Երբեմն մենք կարիքի մեջ ենք լինում եւ սեփական սիրտն ամոքելու լավագույն միջոցն այդ պահին ուրիշին օգնելն է: Եթե օգնում ենք մեկին ժպտալ, նույնիսկ հիվանդանոցում, ուր քաղցկեղով հիվանդ երեխաներ են պառկած, որոշ ժամանակ ես անցկացնում նրանց հետ, ստիպում նրանց ծիծաղել, մոռանալ իրենց խնդիրները, այդ ժամանակ չես կենտրոնանում քեզ վրա եւ օգնում ես ուրիշին: Դա նույնպես հիանալի միջոց է՝ սեփական կյանքում նպատակ ունենալու: Եթե կյանքում նպատակ ունես, դու կարող ես նաեւ բուժվել», - հավելել է նա:



























