Մալաթիայում բնակվող ալեւիները երթ են կազմակերպել` ի նշան բողոքի իրենց տան դռներին արված նշանների ու հայտարարել են. «Երբեք ծնկի չենք եկել, ծնկի չենք գալու»:

Akunq.net-ի փոխանցմամբ՝ Փիրսուլթան Աբդալ մշակութային միության (PSAKD) գլխավորությամբ կազմակերպված երթին մասնակցել են նաեւ քաղաքական կուսակցության, այլ միավորումների ու քաղաքացիական հասարակության կազմակերպության տարբեր ներկայացուցիչներ` ի նշան բողոքի՝ Մալաթիայի Ջեմալ Գյուրսել թաղամասում ալեւիների 13 տների վրա արված նշանների համար:

Թաղամասում հայտարարությամբ հանդես եկած PSAKD-ի Մալաթիայի մասնաճյուղի ղեկավար Մեհմեթ Թոփալն ասել է, որ Մարաշի ջարդերի ժամանակ էլ են զոհերի տների վրա նշաններ արվել: Նա նաեւ նշել է, որ այդ նշանները տեսնելը իրենց չի զարմացրել, քանի որ դա առաջ էլ են տեսել` Մարաշի ջարդերի ժամանակ. այդ առնչությամբ ասել է. «Մենք` ալեւիներս, այս նշանը առաջին անգամ չէ, որ տեսնում ենք, ավելի վաղ Էրզինջանում, Անթեփում ու Ադըյամանում էլ ենք տեսել: Այս ամենից այլեւս չեն զարմանում: Դեռ մեր հիշողության մեջ վառ են Ադըյամանում դռներին արված նշանների առթիվ Ներքին գործերի նախարարի ասածները: Այդ ժամանակվա նախարարն ասել էր. « Դռների վրա երեխաներն են նշան արել» ու այսպիսով դեպքն համարել աննշան երեւույթ: Այնուհետեւ տեսախցիկների տեսագրությունները ջնջվել էին, իսկ ֆայլերը` թաքցվել: Վաղն էլ Մալաթիայում այս նշաններն անողների վերաբերյալ կասեն. «Անհայտ երեխաների կամ մի չարաճճիի ձեռքի գործն է»: Գիտենք նաեւ, որ դեպքը չնչին մի բան կհամարեն եւ կթաքցնեն հետքերը»:

Ջեմալ Գյուրսել թաղամասում 13 տների դռների վրա նշաններ անողները անցած անգամվա նման չեն բացահայտվի, չեն պատժվի, եւ սա առաջին եւ վերջին դեպքը չի լինի»,- ասել է Թոփալն ու ավելացրել. «Այս նշանները անելիս այդ երեխաները վստահելի տեղից են թույլտվություն ստացել: Իսկ այդ երեխաների` իշխանավորների ասած՝ «չարաճճի երեխաներ»-ի նկատմամբ իրավական ու պատժիչ նորմերը չեն գործում: Ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ չեն հարգվում մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, որտեղ սեփական իրավունքները պաշտպանելը հանցանք է համարվում, օրենքները չեն գործում, փողոցներում ռումբեր են պայթում, հրապարակներում լինչի դատաստան են տեսնում, լրատվական դաշտում աճպարարությունն է իշխում. այս ամենը վախի մթնոլորտ է ստեղծել: Մի խոսքով` ԱԶԿ-ն Թուրքիան սեխմել է հեղաշրջման փորձի ու արտակարգ դրության միջեւ ու երկիրը կանգնեցրել փակուղու առջեւ:»

Թոփալն ասել է, որ այդ հարձակումը գործել են ալեւիների թշնամի, պահպանողական, ֆաշիստ անձինք եւ ավելացրել. «Երբեք չպետք է մոռանալ, որ մեզ` ալեւիներիս, ինչքան էլ ճնշեն, ինչքան էլ հալածեն, միեւնույն է, մենք երբեք վիզ չենք ծռի, չենք հանձնվի: Երբեք ծնկի չենք գա: Եթե չգիտեն սա, թող պատմության գրքերը բացեն ու Քալենդեր Չելեբիի, Փիր Սուլթանի, Սեյիդ Ռըզայի մասին կարդան: Պատմության ընթացքում իրականացված հալածանքները, ջարդերը մեզ մեր ճանապարհից չեն շեղել, սրանից հետո էլ չի շեղելու»: