Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղում 2016թ. փետրվարին տարեց կնոջ դաժան սպանության գործով առաջիկա նիստին ցուցմունք կտա տուժողի դուստրը, որը գտնվում է հոգեբուժարանում:
NEWS.am-ի հետ զրույցում գործով ամբաստանյալներից Դավիթի պաշտպան Արթուր Խաչիկյանը նշեց, որ տուժողի դուստրը դեռ նախորդ նիստին պետք է հարցաքննվեր դատարանում, սակայն, հոգեբուժարանից չէին կարողացել տեղափոխել:
«Տուժողի դուստրը միակ վկան է, փորձագետն ասել է, որ կարող է ցուցմունք տալ, այդ պատճառով նա հոգեբուժարանից կտեղափոխվի դատարան: Սակայն, ամենայն հավանականությամբ, հիմքում նրա ցուցմունքը չի դրվի»,- ասաց Արթուր Խաչիկյանը:
Հիշեցնենք, որ նախաքննությամբ ապացուցվել է, որ անչափահաս Դավիթն ու Վահեն 73-ամյա կնոջից 1200 ԱՄՆ դոլարն ավազակային հարձակմամբ հափշտակելու և շահադիտական դրդումներով, ապօրինաբար, կյանքից զրկելու դիտավորությամբ սպանել են նրան ու տնից հափշտակել շուրջ 300 հազար դրամի ոսկյա զարդեր։ Նախնական տվյալներով երիտասարդներից մեկը մետաղյա խողովակով հարվածել էր կնոջ գլխին եւ մեջքին, իսկ մյուս երիտասարդը, սեղմելով պարանոցը, շնչահեղձ է արել նրան։
Տղաներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետով, այն է՝ սպանությունը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից եւ շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով:




























