Երեւանի «Մոր եւ մանկան» առողջության պահպանության գիտահետազոտական կենտրոնում 2015թ. ամռանը վիրահատությունից հետո մահացած Կարինե Աղաբեկյանի գործով կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելուց ավելի քան 1 տարի անց վերջապես նիստ է նշանակվել:

NEWS.am-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Խաչիկյանը նշեց, որ առաջին նիստը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 29-ին:

«Փորձաքննություն նշանակելուց 8 ամիս անց փորձագետներից 2-ն ինքնաբացարկ են հայտնել, նոր մասնագետներ են ներգրավվել հանձնաժողովի կազմում: Վաղն առաջին նիստը տեղի կունենա»,- ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ տուժող կողմը հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից դժգոհ էր, քանի որ իրենց խոսքով, «հստակ ոչինչ գրված չէր»: Տուժող կողմը կրկնակի փորձաքննություն նշանակելու միջնորդություն էր ներկայացրել, որն էլ բավարարվել էր 2016թ. հոկտեմբերին: Մահացած կնոջ հարազատները բարձրացնում են անեսթեզիոլոգ Սերգեյ Բարսեղյանի եւ վիրահատող բժիշկ Արմեն Գասպարյանի հարցը:

Ավելի վաղ Կարինե Աղաբեկյանի հարազատները NEWS.am-ին պատմել էին, որ Աղաբեկյանի վիրահատությունից հետո, երբ անեսթեզիոլոգ Սերգեյ Բարսեղյանը հիվանդի բերանից հանել է ինտուբացիոն խողովակը, անմիջապես հիվանդի մոտ սկսվել է շնչահեղձություն։ Ըստ հարազատների, Բարսեղյանը շուրջ 20 րոպե լիդոկայինի եւ այլ դեղորայքի միջոցով շնչահեղձությունը կանխելու համար միջոցներ է ձեռնարկել, որից հետո հիվանդի մոտ նկատվել է արյունահոսություն, ինչի կապակցությամբ վիրահատող բժիշկ Արմեն Գասպարյանը պահանջել է խորացնել անզգայացումը, որ ախտորոշիչ նպատակով կատարի հսկիչ հիստերոսկոպիա: Հարազատների պատմելով` Կարինեի վիճակի վատացման պատճառները՝ շնչահեղձություն եւ արյունահոսություն, զուգորդվել են, եւ քանի որ անհրաժեշտ է եղել կատարելու հաջորդ միջամտությունները /միզապարկի կարում, արգանդի հեռացում եւ այլն/, ապա անեսթեզիոլոգը սկզբնական շրջանում ուղղակիորեն բուժանձնակազմից թաքցրել է Աղաբեկյանի վիճակի վատացման փաստը մինչեւ այն ժամանակ, երբ այլեւս անհնար է եղել թաքցնելը. «Սա ուղղակի անբարեխղճություն է: Այս իրավիճակում բուժանձնակազմի կողմից թույլ է տրվել նաեւ տակտիկական սխալ, քանի որ ճիշտ չի գնահատվել, թե որ վտանգն է անմիջականորեն սպառնում հիվանդի կյանքին՝ շնչահեղձությունը, թե՝ արյունահոսությունը»:

Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ Կարինե Աղաբեկյանի մահը վրա է հասել բազմաօրգանային անբավարարությունից, որն էլ պայմանավորված է եղել արգանդի միոմայի հեռացումով, զարգացած թոքերի այտուցով, որովայնի հատումով եւ այլ գործոններով: