Անարդարության ցանկացած դրսևորում հիվանդություն է, ընդ որում՝ ծանր: Այն նման է քաղցկեղի. առանց միջամտության չի անցնում և ինքնաբերաբար չի բուժվում, ավելին՝ տարածվում է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Հատուկ քննչական ծառայության հարգելի՛ աշխատակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Հատուկ քննչական ծառայության կազմավորման հոբելյանական՝ 10-րդ տարեդարձի կապակցությամբ: Այսօր գոհունակությամբ կարող ենք նշել, որ տարիների ընթացքում մեր գործադրած ջանքերը տվել են իրենց դրական պտուղները:
Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգի այս կարեւոր բաղադրիչն արդեն կայացել է: Անցած տարիների ընթացքում Հատուկ քննչական ծառայությանը հաջողվել է ոչ միայն իր ուրույն առաքելությանը համարժեք տեղ զբաղեցնել պետական մարմինների համակարգում, այլեւ սեփական լուման ներդնել իրավապահ գործունեությանը նոր շունչ հաղորդելու գործում:
Հարգելի՛ գործընկերներ,
Մեր պետությունը ներկայումս կառավարման նոր կարգին անցնելու ճանապարհին է, որը հեռանկարային է, սակայն նաեւ՝ պատասխանատու եւ բարդ: Այդ մասին ես խոսել եմ տարբեր առիթներով, նաեւ նշել, որ մենք դեռ շատ գործ ունենք անելու:
Մեկ անգամ եւս ուզում եմ ընդգծել, որ անելիքները գուցե ավելին են լինելու, քան այսօր տեսանելի են: Հատուկ քննչական ծառայության գործառույթների բնույթը հաշվի առնելով՝ ձեր անելիքը նաեւ յուրահատուկ է լինելու:
Վստահ եմ՝ գիտակցում եք, որ ապահով եւ մրցունակ պետություն դառնալու համար կա միայն մեկ ճանապարհ. այն է՝ անընդհատ զարգացնել ժողովրդավարական մեր ձեռքբերումները: Ավելի քան չորս տարի առաջ իմ հրամանագրով մեկնարկած սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակներից մեկը իրավունքի գերակայության երաշխավորման անհրաժեշտությունն էր: Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ այդ սկզբունքը կայացած ժողովրդավարություն ունենալու գլխավոր գրավականներից է: Այդ սկզբունքի ներքո իրացվելու է օրենքի առջեւ ընդհանուր հավասարության գաղափարը:
Սա պետք է հստակ գիտակցեն բոլորը եւ, հատկապես, բարձրաստիճան պաշտոնյաները: Նրանք միշտ պետք է գործեն այն համոզումով, որ կարգավիճակը, պաշտոնը կամ կոչումը ոչ թե առավելություն են, այլ առաջին հերթին՝ պատասխանատվություն:
Այստեղ է, որ խիստ կարեւորվում է Հատուկ քննչական ծառայության դերը: Եթե ավելի պատկերավոր ասեմ, ապա սահմանադրական այս պահանջը կյանքի կոչելու գործում դուք նաեւ հատուկ առաքելություն ունեք: Որքան մեծ լինեն ձեր հաջողությունները օրենքի առջեւ բոլորի հավասարությունը երաշխավորելու գործում, այնքան տեսանելի եւ զգալի կլինի երկրում արդարադատության հաղթանակը:
Արդարադատության մակարդակը հաճախ չափվում եւ գնահատվում է համեմատության մեջ: Շարքային քաղաքացին, համենայն դեպս, այդպես է վարվում: Եթե մարդը տեսնում է, որ չարաշահումներին տրվում է համարժեք արձագանք, ապա հասկանում է, որ պետական մարմիններն իրենց տեղում են: Իսկ երբ նա նկատում է, որ նման երեւույթներն անհետեւանք են մնում կամ դրանց նկատմամբ դրսեւորվում է տարբերակված մոտեցում, ապա անմիջապես արձանագրում է անարդարության փաստը:
Դա տրամաբանական է: Դժվար է խոսել արդարության մասին, երբ գործնականում անհավասարության նշան է դրվում հավասարների միջեւ:
Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ արդարությունը գնահատվում է նաեւ այլ դիտանկյունից: Ցանկացած պաշտոնյա պետք է վստահ լինի, որ հանիրավի մեղադրանքի պարագայում ինքն օբյեկտիվ քննության արդյունքում կարող է եւ պետք է վերականգնի իր բարի համբավը:
Իմ համոզմամբ՝ անարդարության ցանկացած դրսեւորում հիվանդություն է, ընդ որում՝ ծանր: Այն նման է քաղցկեղի. առանց միջամտության չի անցնում եւ ինքնաբերաբար չի բուժվում, ավելին՝ տարածվում է: Անարդարության նկատմամբ անտարբերությունը կամ պակաս ուշադրությունը կրկնապատկում է այդպիսի դրսեւորումները:
Մենք պետք է վստահ լինենք, որ այստեղ ներկա յուրաքանչյուրդ՝ անկախ ձեր փորձառությունից, պաշտոնից կամ կոչումից, հասկանում եք, որ անարդարության դեմ հայտարարված պատերազմի մի նոր փուլում հիմնական առաջամարտիկներից մեկը հենց Հատուկ քննչական ծառայությունն է: Այս տասը տարիների ընթացքում ձեր աշխատանքով հավատ եք ներշնչել, որ ունակ եք պատվով կրելու պատասխանատու այս բեռը:




























