16-ամյա Խաչիկ Ղազանչյանի սպանության մեջ մեղադրվող Սուրեն Մուրադյանի նկատմամբ նշանակված կրկնակի դատահոգեբանական հանձնաժողովային փորձաքննության պատասխաններն արդեն 5 ամիս չկան: NEWS.am-ի հետ զրույցում Սուրեն Մուրադյանի շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանը նշեց, որ նոյեմբերին Սուրեն Մուրադյանը փորձաքննության ենթարկվելու համար «Նուբարաշեն» քրեակատարղական հիմնարկից տեղափոխվել է փորձագետների մոտ, նա հույս հայտնեց, որ մինչեւ դեկտեմբերի վերջ փորձաքննության արդյունքները պարզ կլինեն:
Նշենք, որ փորձաքննության կատարումը հանձնարարվել է Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Վոլոդյայի Գասպարյանին եւ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ Գայանե Հակոբի Ղազարյանին: Փորձաքննությունը պարզելու է՝ արդյոք հանցագործությունը կատարելու պահին Սուրեն Մուրադյանը եղել է աֆեկտի վիճակում:
Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Սուրեն Մուրադյանին ենթարկել դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննության: Փորձաքննությունը պետք է պարզեր՝ արդյոք Սուրեն Մուրադյանը սպանության պահին եղել է աֆեկտի, կամ այնպիսի վիճակում, որը կազդեր այնքան, որ չգիտակցեր, թե ինչ է անում:
Ստեփան Ոսկանյանը նշել էր, որ համաձայն չէ դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննության արդյունքների հետ, ըստ որոնց իր պաշտպանյալը սպանությունը կատարելու պահին աֆեկտի վիճակում չի եղել: Նա պահանջել էր կրկնակի փորձաքննություն անցկացնել:
Սուրեն Մուրադյանի պաշտպանի խոսքով՝ իր պաշտպանյալը տառապում է վարքի եւ հույզերի խառը խանգարումներով, գրանցված է Ավան հոգեբուժական կլինիկայում, ենթակա չէ զինվորական ծառայության:
Հիշեցնենք, որ Սուրեն Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հունվարի 6-ին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Խաչիկ Ղազանչյանին սպանելու դիտավորությամբ իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր կենսական կարեւոր նշանակություն ունեցող մասերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, որոնցից նա դեպքից մոտ մեկ ամիս անց մահացել է:




























