Կոլումբիական համալսարանի շենքերից մեկում դեկտեմբերի 1-ին կբացվի Օսմանյան կայսրության դարաշրջանին վերաբերող Դիլդիրյան ընտանիքի արխիվների պատմական լուսանկարների ցուցահանդեսը, որը կազմակերպել է Արմեն Մարսուբյանը, հայտնում է Armenian Weekly–ն։
Ցուցադրության նմուշների համար տեքստը գրել է Հարավային Քոնեքթիքութի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Արմեն Մարսուբյանը՝ Ցոլակ Դիլդիրյանի թոռը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ցուցահանդեսը նվիրված է Դիլդիրյան ընտանիքի պատմությանը, որի անդամներից շատերն աշխատում էին Օսմանյան Թուրքիայում։ Լուսանկարները, որոնց հեղինակներն են Ցոլակ եւ Արամ Դիլդիրյանները, արվել են կենտրոնական Անատոլիայի բնակավայրերում եւ Սեւ ծովի ափամերձ շրջաններում։ Ընդհանուր առմամբ ընտանեկան արխիվում կա 1000 յուրահատուկ լուսանկար եւ նեգատիվ։
Մարսուբյանը ցուցահանդեսը նվիրել է Օսման Քովալային՝ Թուրքիայում քաղաքացիական հասարակության առաջնորդին, կորին անարդարացիորեն բանտարկել են իրավապաշտպան գործունեության համար՝ ուղղված հայերի, թուրքերի, քրդերի, հույների միջեւ երկխոսության ամրապնդմանը։
Ցուցահանդեսը կընթանա նաեւ Լոնդոնում, Երեւանում, Ուոթերթաունում եւ Գլենդելում։




























