Հայաստանն ավելի շուտ Կրեմլի հետ համաձայնեցրել էր ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագրի ստորագրման որոշումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:
Փորձագետի խոսքով՝ 2013-ի դառը փորձից հետո, երբ Հայաստանը կտրուկ փոխեց Եվրամիության հետ ասոցացվելու հարցում իր դիրքորոշումը եւ դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ, ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրման հարցում Մոսկվայի հետ հասել են որոշակի պայմանավորվածության: «Սակայն սա ավելի թույլ փաստաթուղթ է, քան Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը»,- նշեց Պապյանը՝ հավելելով, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից սպասումները չեն արդարացել, երկրում վիճակը շարունակ վատանում է, միջոցները չեն բավականացնում, եւ Ռուսաստանն, ըստ էության, ինքն էլ բախվել է նույն ֆինանսական խնդիրներին:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ ԵՄ միջեւ ընդլայնված գործընկերության մասին շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 24-ին Բրյուսելում:




























