32-ամյա ծննդկանի մահվան մեջ մեղադրվող «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանի շահերի պաշտպանը կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդություն կներկայացնի: NEWS.am-ի հետ զրույցում պաշտպան Ստեփան Ոսկանյանը նշեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
«Գործով պետք է նշանակվի կրկնակի դատաբժշկական փորձաքննություն: Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ մահվան պատճառը եղել է հեմոռագիկ շոկը միայն, նկարագրված վնասվածքների մեջ չկա արգանդի ստորին սեգմենտի պատռվածք: Փորձագետի պատասխանում եղել է հեշտոցի պատռվածք, որը հանգեցրել է հեմոռագիկ շոկի, հետագայում փորձագետին հարցաքննում են, իր հարցաքննության ցուցմունքում առաջին անգամ վկայակոչում է «արգանդի ստորին սեգմենտ» տերմինը, որը չի կարող փոխարինել փորձագետի եզրակացությանը: Այս հանգամանքը հաշվի չառնելով նշանակվում է հանձնաժողովային փորձաքննություն, որը ոչ կրկնակի է, ոչ էլ լրացուցիչ եւ դրա եզրակացությամբ մի տեղ հեշտոցի պատռվածք, մի տեղ արգանդի պատռվածք է նշված: Ասում են, որ պետք է որովայնահատում կատարեին, որը չի արվել եւ այն հանգեցրել է մահվան, մյուս կողմից էլ ասում են՝ չպետք է կատարվեր»,-ասաց նա:
Վանաձորի բժշկական կենտրոնում անցած տարվա հոկտեմբերին 32-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ավագ մանկաբարձ-գինեկոլոգին՝ մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորելու համար:
Նախնական քննությամբ փաստացի տվյալներ են ձեռք բերվել, որ 32-ամյա կինը առաջնածին ախտորոշմամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 2016 թվականի սեպտեմբերի 26-ին։ Գտնվելով բժիշկների հսկողության ներքո՝ 21 օր անց` 2016 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 18:40-ին, կինը ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ Հաջորդ օրը` հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:40-ին, նույն բաժանմունքում նա մահացել է:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ կնոջ մոտ հայտնաբերվել է ծննդաբերական պատռվածք, արտաքին սուր արյունահոսություն, ներքին օրգանների եւ անոթների սուր արյունապակասություն, որն էլ հանգեցրել է մահվան:
2017 թվականի նոյեմբերի 3-ին ստացվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն` 32-ամյա կնոջ ծննդաբերությունից հետո մանկաբարձ-գինեկոլոգների կողմից չեն կատարվել ծննդկանի հետծննդաբերական արյունահոսության հիմնական աղբյուր հանդիսացող վնասվածքի՝ արգանդի պատռվածքի վերականգնում եւ արյունահոսության դադարեցում։ Ըստ փորձագետների՝ ծննդկանի նկատմամբ չեն կատարվել բժշկական անհրաժեշտ միջոցառումները, որն էլ գտնվում է պատճառահետեւանքային կապի մեջ հետծննդյան շրջանում ծննդկանի մոտ արյունահոսական բարդությունների շարունակական զարգացման եւ նրա մահվան հետ:
Քննությամբ պարզվել են 32-ամյա կնոջ ծննդաբերությունն ընդունած եւ դրան հաջորդող ժամանակահատվածում նրան անհրաժեշտ բժշկական օգնությունը կազմակերպելու համար պատասխանատու անձանց շրջանակը։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ նոյեմբերի 10-ին մեղադրանք է առաջադրվել բուժհաստատության ավագ մանկաբարձ-գինեկոլոգին` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։ Մասնավորապես՝ վերջինը ծննդաբերությանը հաջորդող ժամանակահատվածում` հոկտեմբերի 17-ին՝ ժամը 20:50-ից սկսած, ծննդկանի բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպելու ժամանակ, պարտավոր լինելով արգանդային արյունահոսության շարունակման պայմաններում, պատռվածքի վերականգնման միաժամանակ հեշտոցային եւ որովայնային հասանելիությունն ապահովելու նպատակով կատարելու որովայնահատում, իսկ արյունահոսության շարունակման դեպքում՝ անցնելու նաեւ հետագա վիրահատական միջամտությունների, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ դրսեւորել է անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք եւ չի իրականացրել անհրաժեշտ բժշկական միջոցառումները, որի պայմաններում ծննդկանի մոտ զարգացել է հեմոռագիկ շոկ՝ պատճառ դառնալով հիվանդի մահվան։




























