Թուրքիային ռուսական Ս-400 համալիրներ մատակարարելու գործարքը վերաբերում է միայն Մոսկվային եւ Անկարային. Ասել է ՌԴ ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի ՆԱՏՕ–ի բաժնի ղեկավար Կիրիլ Լոգվինովը՝ մեկնաբանելով այդ կապակցությամբ Հյուսիսատլանտյան դաշինքի մտահոգությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Եթե մեր թուրք գործընկերներին հետաքրքրում են սպառազինությունների այդ տեսակները, եթե նրանք պատրաստ են բանակցությունների, նրանց հետաքրքրում են մատակարարումները, մենք այստեղ բաց ենք ցանկացած երկրի համար՝ անկախ այս կամ այն ռազմա–քաղաքական դաշինքին մեր անդամակցությունից»,– ասել է Լոգվինովը Բեռլինում անվտանգության գիտաժողովի շրջանակում, որն ընթանում է նոյեմբերի 28-29-ը։

Նախօրեին Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանըքլին հայտարարել էր, որ Ս-400–ը ՆԱՏՕ–ի  համար սպառնալիք չի ներկայացնում։