Նիգերիայում «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման հիմնադրի տունը թանգարան կդարձնեն, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով տեղական պաշտոնյայի:

Մուհամմեդ Յուսուֆը մուսուլման քարոզիչ է,  Բորնո նահանգի մայրաքաղաք Մայդուգուրիում 2001-ին հիմնադրել է իր խումը: Այդ ժամանակ նրա հետեւորդները դժգոհ երիտասարդներ էին, որոնք հանդիպում էին Յուսուֆի «մարկազում» (արաբերեն կենտրոն):

Իր բոցաշունչ ելույթներում Յուսուֆը կոռումպացված իշխանության դեմ ջիհադի (սրբազան պատերազմ) կոչ էր անում:

Նա «Բոկո Հարամի» կողմանկիցների եւ զինվորականների միջեւ 6-օրյա դաժան բախումներից հետո կալանավորվել եւ ոստիկանական բաժանմունքում սպանվել է:

Պաշտոնյայի խոսքով՝ տան վերափոխումը թանգարանի «պատմության փաստերի պահպանման եւ արխիվացման» միջոց կդառնա: « «Բոկո Հարամի» ապստամբությունը Բորնո նահանգի պատմության մեջ շրջադարձային փուլ է: Մեր պատմությունը չի կարող գրվել առանց Բոկո Հարամին վկայակոչելու», - AFP- ին ասել է նա:

Այն պահից, երբ «Բոկո Հարամի» առաջնորդ դարձավ Յուսուֆի տեղակալ Աբուբաքար Շեկաուն, այն դարձավ աշխարհի ամենամահաբեր ջիհադական խմբավորումներից մեկը: Նիգերիայի հյուսիս-արեւմուտքում նրա կոշտ իսլամական պետություն ստեղծելու ցանկության պատճառով առնվազն 20,000 մարդ սպանվեց եւ ավելի քան 2,6 մլն մարդ անօթեւան դարձավ: Խումբը համաշխարհային «փառքի» հասավ, երբ զինյալները 2014 թվականի ապրիլին Չիբոկ քաղաքից ավելի քան 200 աշակերտուհիների առեւանգեցին: