ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նիստին այսօր՝ նոյեմբերի 29-ին վարում էր Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը: Նա հազվադեպ է ներկայանում հանձնաժողովի նիստերին:
Այսօր քննարկվում էր կառավարության «Հարկային օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը, ինչին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին:
Նիստից հետո Արգամ Աբրահամյանին փորձեցինք հարցեր ուղղել 2018-ի բյուջեի նախագծի, Ծառուկյանին պատկանող Առինջ մոլում «հարկային տեռորի» մասին, ինչը մեկ ամիս է՝ աղաղակում են ԲՀԿ-ականները: Պարզվեց՝ Արգամ Աբրահամյանը սեփական դիրքորոշում չունի, հարցերը լսելուց հետո հղում արեց խմբակցության արդեն հայտնած դիրքորոշմանը: «Խմբակցությունն արդեն դիրքորոշում հայտնել է, բոլոր հարցերին պատասխանել է»:
Ի տարբերություն իր գործընկերների՝ նա խուսափեց որեւէ խոսք ասել նաեւ աներոջը պատկանող «Առինջ մոլի» նկատմամբ հարկային քաղաքականության մասին: Այս մասով էլ հղում արեց խմբակցության արդեն հայտնած դիրքորոշմանը:
Հիշեցնենք, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները կոշտ քննադատեցին վարչապետ Կարեն Կարապետյանի վարած քաղաքականությունը, նրա ներկայացրած բյուջեն: Առինջ մոլում հարկային տեսուչների գործունեությունը որակեցին «վայրագություն», իսկ կառավարության եւ ՊԵԿ ղեկավարներին հիշեցրին գազի ոլորտի կոռուպցիան եւ Մոնումենտում կառուցած դղյակները:
Ինչ վերաբերում է վերջին շրջանում քննարկվող այն լուրերին, որ Հովիկ Աբրահամյանը կապիտալը դուրս է բերում երկրից, որդին ասաց՝ իրականությանը չեն համապատասխանում:



























