Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի (ՄԱՀԱ) անկայունության ակտիվ մասնակիցները պետք է ավելի մեծ պատասխանատվություն կրեն փախստականներին եւ հարկադիր միգրանտներին օգնություն ցույց տալու հարցում: Այս մասին իտալական Libero պարբերականի հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ելնում ենք այն հանգամանքից, որ ՄԱՀԱ ընդարձակ տարածքում անկայունությանն ակտիվորեն մասնակցած երկրները պետք է առաջնահերթ եւ ավելի մեծ պատասխանատվություն կրեն փախստականներին եւ հարկադիր միգրանտներին օգնություն ցուցաբերելիս: Այս կապակցությամբ մի շարք երկրների առաջ քաշած «պատասխանատվության բաժանման» հայեցակարգը  դիտարկում ենք որպես համապատասխան բեռը ուրիշի ուսերին դնելու փորձ»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Լավրովի կարծիքով՝ եվրոպական երկրներում միգրացիոն ճգնաժամը ՄԱՀԱ ինքնիշխան երկրների ներքին գործերին միջամտելու հետեւանքն է: «Նման անհեռատես գործողությունները հանգեցրել են իշխանության ինստիտուտի թուլացմանը կամ կործանմանը, հումանիտար աղետների, ահաբեկչության եւ ծայրահեղականության բռնկմանը, որը հարուցել է տարածաշրջանից քաղաքացիների զանգվածային հեռանալը»,- ասել է նա: