Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 30-ի նիստում հավանություն է տվել 2018 թվականի պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններին եւ Հայաստանի ԱԺ մշտական հանձնաժողովներում ու լիագումար նիստում բյուջեի նախագծի քննարկման արդյունքներով ԱԺ մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների եւ անհատ պատգամավորների կողմից ՀՀ կառավարություն ներկայացված առաջարկությունների ու եզրակացությունների ամփոփաթերթին:

Հարցը ներկայացնող ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտնեց, որ 4 միլիարդով ավելացել է պահուստային ֆոնդը, քանի որ 2018 թվականին կան բավական շատ միջոցառումներ, որոնք կարող են հանգեցնել չծրագրավորված ծախսերի:

Նրա խոսքով, պատգամավորների կողմից ներկայացվել է 100-ից ավելի առաջարկ, սակայն կան բավական առաջարկներ, որ անհաս են. «Դժվարանում ենք որեւէ ֆինանսավորում նախատեսել, եղել է, որ առաջարկել են այս կամ այն ոլորտի ֆինանսը բարձրացնել, դրանց գերակշիռ մասը առողջապահության ոլորտին է վերաբերել: Իհարկե, ակտուալ են առաջարկները, բայց պիտի ելնենք մեր հնարավորություններից, հաշվի առնենք մեր սահմանափակումները»:

Նախարարը 2 օր ժամանակ խնդրեց, որպեսզի խմբագրումներն ավարտվեն ու ուղարկվեն Ազգային ժողով: