Քաղաքացիական բարձրագույն պաշտոնների համալրման մրցույթներում հրապարակայնության ապահովման համար չպետք է առաջնությունը տալ ներքին մրցույթին, այսինքն՝ պաշտոնների ներքին կարգով, տնավարի համալրմանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, ԱԺ-ի պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

«Քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում մրցույթներում հաղթողները մի շնչով չեն կարողանում վերարտադրել իրենց պաշտոնը, կողքիններից են հետաքրքրվում, թե իրենք ինչ պաշտոնում են հաղթել»,-նշեց նա։

Նշենք, որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը  նախատեսում է այնպիսի կառուցակարգ, որով հնարավորություն կտրվի հաստատված կազմակերպական կառուցվածքի շրջանակներում թափուր մշտական աշխատատեղերը լրացնելու համար օգտվել բացառապես (ըստ առաջնահերթության) ներքին կադրային ռեսուրսներից, այն դեպքերում երբ աշխատակազմում առկա են անհրաժեշտ որակավորում ունեցող թեկնածուներ, իսկ ժամանակավոր թափուր աշխատատեղերը լրացնել անմիջապես աշխատաշուկայից:

Առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում կսահմանվի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը ներքին մրցույթով զբաղեցնելու կարգ: