ԱՄՆ-ում Վանդերբիլթի համալսարանի գիտնականները պարզել են, որ շների գլխուղեղի կեղեւում (հատված, որը պատասխանատու է մտածողության ու ծրագրման համար) երկու անգամ ավելի շատ նեյրոններ կան, քան կատուների, հաղորդում է Science Alert-ը: Հետազոտման արդյունքները հրապարակվել են Frontiers in Neuroanatomy ամսագրում:

Հետազոտողների խումբը տեւական ժամանակ համեմատել է տարբեր կենդանիների, այդ թվում նաեւ արջերի, ջրարջերի, աքիսների, բորենիների, առյուծների, ժանտաքիսների գլխուղեղը: Նրանք պարզել են, որ շների գլխուղեղի կեղեւում կա շուրջ 530 միլիոն նեյրոն, իսկ կատուների մոտ՝ ընդամենը 250:

Գիտնականները կարծում են, որ հենց նեյրոնների քանակն է ազդում կենդանիների՝ նախկին փորձի վրա հիմնվելով՝ եզրակացություն անելու ունակության վրա:

Գիտնականների համար առավել հետաքրքիր բացահայտում են եղել  ջրարջերը: Չնայած գլխուղեղի փոքր չափերի, նրանց գլխուղեղի կեղեւի նեյրոնների քանակն այնքան է եղել, որքան շներինը: