Եթե ինչ-որ մի պաշտոնյայի զավակ հաջողակ բիզնեսմեն է, անմիջապես չպետք է հեռուն գնացող հետեւություններ անել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Դիտարկմանը, որ բազմաթիվ նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների անվան հետ են կապվում տարբեր բիզնես նախագծեր, նրանց երեխաները տարբեր բիզնեսների տերեր են, նրանք եկեղեցիներ են կառուցում, մյուս կողմից էլ պետական այրերը շարունակ խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, նախարարն արձագանքեց. «Հասկանում եմ, որ կա հանրային բացասական ընկալում՝ հատկապես հաշվի առնելով տնտեսական զարգացումը, բայց չեմ կարող միանշանակ համաձայնել այն հանգամանքի հետ, որ եթե ինչ-որ մի պաշտոնյայի զավակ զբաղվում է բիզնեսով եւ հաջողակ բիզնեսմեն է, ապա անմիջապես պետք է հեռուն գնացող հետեւություններ անենք», - ասաց Դավիթ Հարությունյանը։
Նախարարը հավելեց, թե այն, որ պաշտոնյայի ընտանիքի մերձավոր կամ ամենանեղ շրջանակը եւս դարձել է գույքի եկամուտների հայտարարատու, քայլերից մեկն է։
«Այսինքն, ոչ միայն բարձրաստիճան պաշտոնատար անձը, այլեւ իր կինը, իր հետ ապրող անչափահաս զավակները, եւս պետք է ներկայացնեն գոյւքի եւ եկամուտների հայտարարագիր: Կարող եմ հասկանալ ձեր մտահոգությունը. Միշտ չէ, որ հնարավոր է ուսումնասիրել ու պարզել՝ ինչու են նրանք հաջողակ, թե ոչ, սակայն մեր կողմից արվող քայլերն ունեն կանխարգելիչ նշանակություն»,-ասաց Դավիթ Հարությունյանը:
Նա տեղեկացրեց, որ հաշվի առնելով, որ նման բիզնեսները կարող են առնչություն ունենալ պետական ծառայության հետ, ներմուծում են եւս մեկ ինստիտուտ, որը կոչվում է շահերի հայտարարագրում, որովհետեւ կարող են բախվել նաեւ շահերի բախման հետ:




























