Տուժողի առարկության դեպքում դատարանի կողմից արագացված կարգ կիրառելու միջնորդության մերժումը կնշանակի  անհավասար պայմանների ստեղծում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, ԱԺ-ի պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

«Առաջարկվող փոփոխությունը նշանակում  է, որ տուժողը փաստարկված, թե չփաստարկված  առարկություն ներկայացնի, դատարանը կարող է իր հայեցողությամբ մերժել»,-ասաց նա:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի դիտարկմանը, թե Սահմանադրական դատարանը այդ հարցով որոշում է կայացրել, որ այդպես ապահովվում է կողմերի հավասարությունը, Արփինե Հովհաննիսյանը նշեց. «Սահմանադրական դատարանը հազար բան կարա ասի, եկեք հարցին համակարգային մոտենանք եւ վերլուծենք առաջարկվող փոփոխությունը»։

Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր պարբերություններով հետեւյալ կերպ.

«Դատարանը արագացված կարգ կիրառելու միջնորդությունը կարող է մերժել, երբ դրա դեմ առարկում է տուժողը: Այն դեպքում, երբ տուժողը ողջամտորեն հիմնավորում է, որ իրեն հասցված վնասն ամբողջությամբ հատուցված չէ կամ փաստարկված առարկում է գործի փաստական հանգամանքների դեմ, ապա դատարանը որոշում է ընդունում ընդհանուր կարգով դատաքննություն անցկացնելու մասին»: