Միասնական համահայկական ընդվզմամբ է հնարավոր փոխել 25 տարի գործող ո՛չ ազգային եւ ո՛չ ժողովրդավար համակարգը: Այս մասին, ԱՄՆ-ում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունից NEWS.am-ին հայտնում են, որ համահայկական ընդվզման իրազեկման այցի շրջանակներում Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը եւ կուսակցության փոխնախագահ Կարապետ Աղաջանյանը 2017թվականի նոյեմբերի 27-ին Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի քաղաքային գրադարանում հանդիպում ունեցան հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, որն ինչպես եւ բողոքի ակցիան, ջերմորեն ընդունվեց հայաշատ Լոս Անջելեսի հայության կողմից:
Լեփ-լեցուն դահլիճը հետաքրքրված էր բոլոր այն գաղափարներով, որոնք առկա են «Երկիր Ծիրանի» կուսակցության ծրագրային դրույթներում եւ գործողություններում: Լոս Անջելեսի հայությունը լինելով սփյուռքի հայաշատ համայնքներից մեկը՝ հաստատեց, որ սփյուռքը հատուկ հետքրքրվածություն է ցուցաբերում Հայաստանում ժողովրդական արժեքների ոտնահարման, դեմոկրատական ինստիտուտների ձեւավորման, արտագաղթի նվազեցման, սոցիալական անարդարության եւ այլնի հանդեպ:
Իր բացման խոսքում Զարուհի Փոստանջյանը մեկ անգամ եւս շեշտեց, որ Հայաստանը եւ Արցախը համայն հայության հայրենիքի դեռեւս 42 հազար քառակուսի կիլոմետրն է եւ հայրենիքի հետագա ճակատագիրը կախված է ողջ հայությունից, հայերի անմիջական մասնակցությունից հայրենիքի ներքաղաքական կյանքին՝ ոչ միայն դիտորդի կարգավիճակով կամ ֆինանսական ու նյութական օգնության ձեւով, այլ քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցությամբ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:
Զարուհի Փոստանջյանը մեկ անգամ եւս շեշտեց, որ միասնական համահայկական ընդվզմամբ է հնարավոր փոխել 25 տարի գործող ո՛չ ազգային եւ ո՛չ ժողովրդավար համակարգը: Դահլիճի կողմից հնչեցված հարցերը հիմնականում վերաբերում էին Ապրիլյան պատերազմին, արդի հայոց պետականության սահմանների անվտանգությանը, Հայաստանի ներքաղաքական կյանքին, քաղբանտարկյալների ճակատագրին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու գործընթացին եւ իրենց ընտրելու եւ ընտրվելու գործընթացներին մասնակցության սահմանադրական իրավունքների վերականգնմանը: «Երկիր Ծիրանի» կուսակցության այցը Ամերիկայի Մացյալ Նահանգներ սփյուռքի կողմից սպասված եւ պահանջված այցելություն էր, որը կկրի շարունակական բնույթ:




























