Պարզվում է, կան մարդիկ, ովքեր համարձակվում են չպատասխանել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի համառ հեռախոսազանգերին:

Հայաստանի խորհրդարանի այսօրվա նիստում հայտնի է դարձել, որ նման համարձակություն ունեցողներից մեկը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, Ստյոպա Սաֆարյանն է:

«Պարոն Սաֆարյան, ես ձեզ զանգահարել եմ, դուք ինձ չեք պատասխանել: Այսօր առավոտյան էլ եմ ես ձեզ զանգահարել, ի միջի այլոց: Դուք շատ կարեւոր հանդիպման էիք ինձ տեղեկացրեցին»,- խորհրդարանի ամբիոնից բողոքել է Հովիկ Աբրահամյանը: Նա զանգահարել է Սաֆարյանին, որպեսզի տեղեկացնի, որ Կառավարությունը ոչ նպատակահարմար է համարել մի շարք օրինագծեր ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգից հանելու «Ժառանգության» առաջարկը:

Միաժամանակ, Աբրահամյանը, խոստացել է ընդմիջման ժամանակ ներկայացնել օրինագծերի այն ցուցակը, որոնք կառավարությունը որոշել է թողնել ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում: