Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա տանող ճանապարհն ամբողջությամբ պատված է տարատեսակ կենցաղային աղբով: Պոլիկլինիկայի աշխատակիցների ու հարակից տարածքներում բնակվողների խոսքով աղբը տեւական ժամանակ է, չի տարվել:

Թիվ 3 պոլիկլինիկան սպասարկում է 20.000-ից ավելի բնակիչների: Պոլիկլինիկայից օգտվող վանաձորցիները դժգոհում են, որ անհնար է անցնել այդ հատվածով:

Հատկապես առողջապահական կառույցի հարեւանությամբ նման աղբակույտերի կուտակումը բնակիչներն անթույլատրելի են համարում: Նրանք նշում են, որ այդ հատվածում աղբը մշտապես ուշացումով են տեղափոխում: Այս անգամ, սակայն, այդ ուշացումն այնքան երկար է տեւել, որ աղբը հայտնվել է հենց փողոցի երթեւեկելի հատվածում:

Առաջացած խնդրի մասին վանաձորցիները գրառում են կատարել նաեւ ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ ստեղծված իրավիճակի հետ կապված հայտնելով իրենց դժգոհությունը: