ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ Մակմասթերը հանդիպել է Ալբանիայի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի, Կոսովոյի, Մակեդոնիայի, Սերբիայի եւ Չեռնոգորիայի ԱԳ նախարարների հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան հաղորդագրությունը:
«Կողմերը քննարկել են, թե ԱՄՆ-ն եւ արեւմտաբալկանյան երկրները ինչ կերպ կկարողանան խորացնել ու ընդլայնել տարածաշրջանում խաղաղության, բարգավաճման եւ իրավակարգի ապահովման համակարգված ջանքերը, այդ թվում՝ կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորությանը հակազդելու գործում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դրանից զատ, խոսք է գնացել ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարում համագործակցության խորացման մասին: Մակմասթերը «ուշադրություն է հրավիել այն փաստի վրա, որ ԱՄՆ-ի համար Արեւմտյան Բալկանները շարունակում է առաջնահերթ տարածաշրջան մնալ»: Նա ընդգծել է, որ ԱՄՆ վարչակազմը «հավատարիմ է տարածաշրջանի երկրների եվրատլանտյան ձգտումներին եւ եվրոպական ինտեգրացիային»:




























