Ժնեւում Սիրիայի իշխանությունների պատվիրակության ղեկավար Բաշար ալ Ջաֆարին հայտարարել է, որ ՄԱԿ հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան չարաշահել է միջնորդի իր լիազորությունները՝ սեփական փաստաթուղթը ներկայացնելով բանակցությունների ժամանակ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն:
«Ես հիշեցրեցի դե Միստուրային, որ մենք նախորդ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիին առաջարկել ենք կարգավորման հիմնական սկզբունքները ներառող փաստաթուղթ: Եթե դա հաշվի առնվեր, մենք շատ ջանք կխնայեինք», - ասել է դիվանագետը:
«Նա իր փաստաթուղթն առաջարկել է որպես բանակցությունների հիմնական փաստաթուղթ՝ մեր առաջարկի փոխարեն: Մենք բանակցում ենք ոչ թե միջնորդի հետ, այլ նրա միջոցով: Դեմ ենք ոչ թե փաստաթղթի բովանդակությանը, այլ ձեւին: Մենք խոսում ենք սկզբունքների դիրքերից: Արդեն այն փաստը, որ նա նման փաստաթուղթ է առաջարկում, չարաշահում է նրա լիազորությունները: Մենք փաստաթղթի բովանդակությունը չենք քննարկում»,-ասել է Ալ Ջաֆարին:
Նրա խոսքով՝ դե Միստուրայի գործողությունները կարող են դիտվել որպես ՄԱԿ կանոնների խախտում:
Պատվիրակության ղեկավարը հիշեցրեց, որ մարտ ամսին՝ բանակցությունների ժամանակ, ինքն ներկայացրել է Սիրիայի իշխանությունների առաջարկները ներառող փաստաթուղթը։
«Մենք չենք եկել այստեղ հատուկ բանագնացին ընդդիմանալու», - ընդգծել է դիվանագետը:




























