Երկու դատախազների կողմից ավագ քննիչին ծեծելու վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել:

NEWS.am-ի տեղեկություններով, Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Հիշեցնենք, որ ավագ քննիչ 26-ամյա Սուրեն Նազարյանի եւ դատավորներ 32-ամյա Հայկ եւ Նարեկ Խաչատրյանների (երկվորյակներ) միջեւ ծեծկռտուք էր տեղի ունեցել: Քննիչը մարմնական վնասվածքներ էր ստացել: Դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասներ էր հայտնել:

«Նախնական տվյալներով, վեճի պատճառը դատախազի կողմից քննիչին բանավոր կարգադրություն տալն է եղել: Քննիչը պահանջել է գրավոր հանձնարարականներ տալ, ինչպես պահանջում է օրենքը: Արդյունքում, խոսակցությունը հասել էր կռվի»,- ասել էր Արթուր Ղամբարյանը: