Քննչական կոմիտեն անընդունելի է համարում իրավապահ մարմինների միջեւ խնդիրների լուծումը բռնության միջոցով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1–ին, հայտարարեց կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը՝ մեկնաբանելով քննիչի եւ դատախազի միջև վերջերս տեղի ունեցած միջադեպը։
Արթուր Ղամբարյանի գնահատմամբ` նման միջադեպերը լուրջ վնաս են հասցնում իրավապահ մարմինների հեղինակությանը: «Դա միայն ծեծկռտուք չէր», - նկատեց Արթուր Ղամբարյանը`ավելացնելով, որ, ըստ տեղեկությունների, քննիչը վնասվածքներ է ստացել:
Նախնական տվյալներով, վեճի պատճառը դատավորի կողմից քննիչին բանավոր կարգադրություն տալն է եղել: Քննիչը պահանջել է գրավոր հանձնարարականներ տալ, ինչպես պահանջում է օրենքը: Արդյունքում, խոսակցությունը հասել էր կռվի։
Հատկանշական է, որ այս միջադեպը ունեցել է նաեւ նախապատմություն։ Ավելի վաղ դատախազը քննիչին ազատել էր հետաքննություն անցկացնելուց՝ քննիչի արձակուրդում գտնվելու ժամանակ կատարած խախտման պատճառով: «Արդյունավետ միջոցների բացակայությունը հանգեցնում է վեճերի»,–ասել է Արթուր Ղամբարյանը:
Հիշեցնենք, որ ավագ քննիչ 26-ամյա Սուրեն Նազարյանի եւ դատախազներ 32-ամյա Հայկ եւ Նարեկ Խաչատրյանների (երկվորյակներ) միջեւ ծեծկռտուք էր տեղի ունեցել: Քննիչը մարմնական վնասվածքներ էր ստացել: Դեպքը գտնվում է Հատուկ քննչական ծառայության վարույթում:



























