Իսպանիայի աշխատանքի և սոցիալական ապահովության նախկին նախարար Ֆաթիմա Բանյեսը եղել է չորեքշաբթի Տոլեդոյի նահանգում բախված գնացքներից մեկում, հայտնում է El Pais-ը։

Նրա վիճակն առայժմ անհայտ է։ Իսպանիայի գործարար կազմակերպությունների համադաշնության (CEOE) և ընդդիմադիր Ժողովրդական կուսակցության (PP) ներկայացուցիչները հաստատել են, որ նա ուղևորվում էր վթարված գնացքներից մեկով։

Իրավիճակին ծանոթ աղբյուրների տվյալներով՝ Բանյեսը եղել է առավել շատ վնասված վագոններից մեկում։ Ժողովրդական կուսակցության նախագահ Ալբերտո Նունյես Ֆեյխոոն հայտարարել է, որ կուսակցությունն առայժմ նրա ճակատագրի մասին հաստատված տեղեկություն չունի։

«Մենք սպասում ենք CEOE հիմնադրամի նախագահ Ֆաթիմա Բանյեսի մասին լուրերի․ նա ուղևորվում էր Տոլեդոյում վթարված գնացքներից մեկով։ Գործարարները ցնցված են երկաթուղային աղետից․ ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և աջակցում բոլոր տուժածներին»,- ասվում է տեղական ժամանակով 12։30-ին սոցիալական ցանցերում հրապարակված CEOE-ի հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ՝ 14։40-ին, կազմակերպությունն անդրադարձել է Բանյեսի հնարավոր մահվան մասին հայտնված հաղորդագրություններին՝ ընդգծելով, որ այդ տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ։

«Մենք շարունակում ենք սպասել ստուգված տեղեկությունների և մեր աջակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին ու մտերիմներին»,- հայտարարել են CEOE-ում։

Լրագրողների հետ զրույցում Ֆեյխոոն նաև աջակցություն է հայտնել այն ընտանիքներին, որոնք սպասում են իրենց հարազատների մասին լուրերի։ Նա նշել է, որ կուսակցությունն անհանգստացած է Բանյեսի համար, սակայն նրա վիճակի մասին հաստատված տեղեկություն առայժմ չկա։

«Այս սպասումից ավելի մեծ տագնապ չկա։ Մենք դա այսքան սուր ենք վերապրում, քանի որ ինքներս էլ ենք բախվել նման իրավիճակի և անհանգստանում ենք մեզ մտերիմ մարդկանց համար»,- ասել է Ժողովրդական կուսակցության առաջնորդը։

Ֆաթիմա Բանյեսը ծնվել է 1967 թվականին Ուելվայի նահանգի Սան Խուան դել Պուերտո քաղաքում։ Նա Իսպանիայի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2011-2018 թվականներին։ 2020 թվականից կապված է երկրի գործարարների խոշորագույն միավորման՝ CEOE-ի հետ։

Վերջին հաստատված տվյալներով՝ գնացքների բախումը խլել է առնվազն 68 մարդու կյանք։ Փրկարար ծառայությունները շարունակում են մաքրել բեկորները և որոնել տուժածներին։