Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել երկրի կենտրոնական մասում երկու արագընթաց գնացքների բախումից հետո, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 68 մարդ, ևս տասնյակ մարդիկ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, հաղորդում է Reuters-ը:

Վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ աղետի պատճառները հետաքննվում են, իսկ իշխանությունները կստուգեն անվտանգության կանոնների հնարավոր խախտումներն ու անձնակազմի սխալները:

Վթարը տեղի է ունեցել չորեքշաբթի Մադրիդն ու Սևիլիան իրար միացնող երկաթուղային գծում: Երկու գնացքներն էլ շարժվել են միևնույն ուղղությամբ, երբ դրանցից մեկը բախվել է ուղիների վրա կանգնած մյուս գնացքի հետնամասին: Մի քանի վագոններ դուրս են եկել ռելսերից:

«Ամբողջ Իսպանիան սգում է»,- հայտարարել է Սանչեսը, որն այցելել է Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքում գտնվող աղետի վայր: Նա ընդգծել է, որ Իսպանիայի նման երկրի համար անթույլատրելի է մեկ տարվա ընթացքում վերապրել մարդկային զոհերով արագընթաց գնացքների երկու վթար:

Տարածաշրջանային CMM TV հեռուստաալիքը ցույց է տվել ռելսերից դուրս եկած գնացքը, որի վագոններից մեկը մնացել է երկաթուղային գծի բարձրացված հատվածում: Հենահարթակի տակ սփռված են եղել բեկորներ, խարխլված մետաղական կառույցներ և վագոնների հատվածներ:

Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն հայտարարել է, որ նման բախումները ծայրաստիճան հազվադեպ են: Նրա նախնական գնահատմամբ՝ աղետի պատճառ կարող էր դառնալ մարդկային սխալը, որի հանգամանքները նա անհասկանալի է որակել:

Ըստ նախարարի՝ տեղական ժամանակով մոտավորապես 08:30-ին համակարգչային խափանման պատճառով դադարել է աշխատել LZB ազդանշանային համակարգը, որն ավտոմատ կերպով կանգնեցնում է գնացքը, եթե առջևի հատվածը զբաղված է: Արդյունքում՝ մոտ 63 կիլոմետր ձգվող հատվածում կանգ են առել մոտ վեց գնացքներ:

Շարժման նկատմամբ վերահսկողությունն անցել է Մադրիդի շուրջօրյա դիսպետչերական կենտրոնին: Պուենտեի պատմելով՝ դիսպետչերները առնվազն երկու գնացքների հրամայել են շարունակել շարժումը բնականոն ռեժիմով, թեև գծի վրա արգելող ազդանշանը շարունակել է գործել:

«Հենց դիսպետչերական կենտրոնն է իր օպերատորների միջոցով որոշում ընդունել վերսկսել շարժումը այնպիսի հանգամանքներում, որոնք մեր տեսանկյունից անհասկանալի են: Ակնհայտ է, որ դա սխալ որոշում էր: Ես ոչ ոքի չեմ մեղադրում, այլ պարզապես ներկայացնում եմ փաստերը»,- ասել է նախարարը:

Կաստիլիա-Լա Մանչայի իշխանությունները հայտնել են, որ զոհերի թիվը հասել է 68-ի: Փրկարարները շարունակում են քանդել բեկորներն ու որոնել տուժածներին: Տարածաշրջանային կառավարության ղեկավար Էմիլիանո Գարսիա-Պախեն զգուշացրել է, որ զոհերի թիվը կարող է աճել. փրկարարներին դեռևս չի հաջողվել հասնել վագոնների ստորին հատվածներ:

73 ուղևորներ էլ տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանցից 15-ը ծանր վիճակում են:

Ուղևորներից մեկը՝ Միգելը, որը մի քանի գործընկերների հետ եղել է գնացքներից մեկի հետին վագոնում, Cope ռադիոկայանին պատմել է բախման պահի մասին: Նրա պատմելով՝ ուղևորները ուժեղ դղրդյուն են լսել, որը տևել է մոտ տասը վայրկյան, և ուժգին հարված զգացել: Պատուհանից նա տեսել է ջարդված գնացք, ենթադրաբար՝ երկրորդ գնացքը:

Տրանսպորտի նախարարի հաստատմամբ՝ վթարին մասնակցել են պետական Renfe ընկերության գնացքը և մասնավոր փոխադրող Iryo-ի կազմը: Այդ նույն ընկերությունների գնացքները բախվել էին նաև հունվարին՝ Ադամուս քաղաքի շրջանում, որտեղ զոհվել էր 46 մարդ:

Չորեքշաբթի օրը Iryo գնացքը եղել է առջևում և կանգնած է եղել ուղիների վրա, երբ դիսպետչերական կենտրոնը թույլատրել է Renfe-ի կազմին վերսկսել շարժումը: Դրանից հետո Renfe-ի գնացքն անցել է մոտ 25 կմ և մոտավորապես 17 րոպե անց բախվել կանգնած գնացքին: Renfe-ի գնացքի արագությունը բախման պահին դեռևս հաստատված չէ: Այդ հատվածում թույլատրված է մինչև 200 կմ/ժ արագությամբ երթևեկություն:

Պուենտեն հայտնել է նաև, որ չորեքշաբթի առավոտյան նմանատիպ սխալ ցուցումներ է ստացել առնվազն ևս մեկ գնացք: Դեպքերից մեկում մեքենավարն ինքն է հայտնել դիսպետչերներին, որ չի կարող շարունակել ընթացքը սովորական ռեժիմով: Փոխարենը նա պետք է անցներ սահմանափակ արագությամբ երթևեկության՝ ինքնուրույն վերահսկելով ճանապարհի հատվածը և համոզվելով խոչընդոտների բացակայության մեջ:

Սանչեսն ընդգծել է, որ աղետի պատճառները դեռ պետք է պարզվեն: Եթե հետաքննությունը բացահայտի անվտանգության համակարգերի խափանումներ կամ անփութություն, իշխանությունները կձեռնարկեն ամենախիստ միջոցները:

Ընդ որում, վարչապետը նշել է, որ, ըստ առկա տեղեկությունների, երկու երկաթուղային աղետների՝ հունվարյանի և այսօրվա պատճառները, ամենայն հավանականությամբ, կապված չեն միմյանց հետ: Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում կառավարությունը կուժեղացնի անվտանգության միջոցները՝ Իսպանիայի արագընթաց երկաթուղիների ցանցի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար:

Տոլեդոյի մոտ գտնվող Ուրդա քաղաքի քաղաքապետ Մանուել Գալանը հայտնել է, որ արտակարգ ծառայությունները խնդրել են մարզադահլիճ նախապատրաստել՝ տուժածներին տեղավորելու համար:

Իսպանիայի առաջատար քաղաքական կուսակցությունները, որոնք պատրաստվում են հաջորդ ամիս անցկացվելիք համընդհանուր ընտրություններին, չեղարկել են չորեքշաբթի նախատեսված միջոցառումները: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան իր հերթին հետաձգել է այդ օրը նշանակված Իսպանիայի գավաթի բոլոր 24 խաղերը: