«Քաղաքացիական պայմանագիրը» ստեփանավանցիներին մոլորեցրեց, որ հաջողի կառավարումը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Նշենք, որ «Գործարար» կուսակցության ցուցակով Ստեփանավանի ընտրություններին մասնակցած ու հաղթած նախկին ՔՊ–ական Արմեն Գրիգորյանը կվերադառնա կուսակցության շարքեր ու Ստեփանավանը կղեկավարի որպես իշխող ուժի ներկայացուցիչ։
Մելոյանի խոսքով՝ ՔՊ–ն դիտավորյալ մոլերեցրել է Ստեփանավանցիներին, տպավորություն ստեղծել, թե Գրիգորյանը ընդդիմադիր է. «Բնականաբար սպասելի էր, իմ գործընկերը նախընտրական քարոզչության ընթացքում բազմիցս նշել է եռագլուխ ուժի մասին, ստեփանավանցիներին ահազանգել են, որ տվյալ թեկնածուները նույնական ուժի ներկայացուցիչներ են և նրանց առանձին հանդես գալը բացառապես նպատակ ունի մոլորեցնելու ստեփանավանցիներին, որպեսզի այն մարդիկ, ովքեր ընդդիմադիր կեցվածք ունեն, դեմ են «Քաղաքացիական պայմանագրին», գնան այլընտրանքային թեկնածուին իրենց քվեն տան։ Սա միայն իմ կարծիքը չի, կա տեսանյութ, որտեղ թեկնածուն հրապարակային կերպով ասում է, որ ինքը որևէ ուժի հետ կապ չունի, որպես տվյալ ուժի ներկայացուցիչը առանձին հանդես գալիս և չի պատրաստվում իր ձայնը որևէ մեկին տալ, այսինքն՝ այդքան Գյումրին շահարկած «Քաղաքացիական պայմանագիրը» շահարկում էր Գյումրու դրվագը, երբ ընդդիմությունը իրենց մի շարք վերապահումներն ունենալով մի կողմ դրեցին միասնական, արդար հաղթանակի նպատակով այդքան բռնաճնշումների պայմաններում, այս դեպքում կոնկրետ հենց իրենք են այդ խոստումների խախտման կարկառուն ներկայացուցիչները, իրենք ողջ համայնքին մոլորեցրին, որպեսզի հաջողեն կառավարումը, սա նաև պայմանավորված էր իրենց վախերով հենց մեր քաղաքական ուժից՝ «Ուժեղ Հայաստանից», որովհետև այս ամենը վկայակոչում է մի բանի մասին, իրենք վստահություն ունեին, որ ազնիվ, արդար, հավասար, թափանցիկ ընտրություններով որևէ կերպ չեն կարողանալու հաղթանակ տանել»։
Գոհար Մելոյանն ընդգծեց, որ այստեղ նաև իրավական խնդիրներ կան, և, որ թեկնածուն խնդիր ուներ չնույնականանալու. «Այսինքն՝ կար վստահություն, որ ստեփանավանցին «Քաղաքացիական պայմանագրին» ձայն չի տալու, խնդիր ունեին «Ուժեղ Հայաստանից» այդ ճնշումներով, մոնտաժված տեսանյութերով, խաբեությամբ քվե գողանալու»։
Հարցին՝ արդյո՞ք իրենք այս ընթացքում բնակիչներից ահազանգեր կամ մտահոգություններ ստացե՞լ են, Մելոյանն ասաց. «Բազմաթիվ, մարդիկ տագնապի մեջ են, վիրավորված են, որովհետև հատկապես վերջին օրերին, մեր թեկնածուի ձերբակալությունից հետո ներքին խոսակցություններում տվյալ ուժի ներկայացուցիչն ասել էր, որ բնականաբար իր համար ևս անընդունելի է նման գործելաոճը, և ինքը «Քաղաքացիական պայմանագրի» հետ կապ չունի։ Ինքս անգամ ականջալուր եմ եղել ընտրության օրը շրջելու պարագայում, ինչպես են իրենց վստահված անձինք փորձում մեր վստահված անձանց հետ համագործակցել, նշելով, որ ըստ էության իրենք էլ են ընդիմադիր կեցվածքով և որևէ աղերս չունեն «Քաղաքացիական պայմանագրի» հետ»։





























