Լիտվայի կառավարությունը չորեքշաբթի մերժել է «Նեմունասի արշալույս» կուսակցության առաջնորդ Ռեմիգիյուս Ժեմայտայտիսի առաջարկը՝ հրապարակելու խորհրդային ՊԱԿ-ի նախկին գաղտնի աշխատակիցների անունները, որոնք չեն խոստովանել հատուկ ծառայության հետ համագործակցությունը, հայտնում է LRT-ն։
Նախարարների կաբինետի դիրքորոշումը, որը նախապատրաստել է պաշտպանության նախարարությունը, կներկայացվի Սեյմի քննարկմանը։
2025 թվականի հունիսին պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն էին տվել Ժեմայտայտիսի օրինագծին։ Այն նախատեսում էր 2026 թվականի հունվարի 1-ից հրապարակել խորհրդային հատուկ ծառայության նախկին գրանցված աշխատակիցների և գաղտնի օգնականների մասին տեղեկությունները, որոնք կամավոր չեն հայտնել իրենց համագործակցության մասին։
Պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ համագործակցությունը չխոստովանած նախկին աշխատակիցների և տեղեկատուների բացահայտումն օրինական նպատակ է, սակայն դրան հասնելու համար առաջարկված միջոցները համապատասխան չեն։ Գործող օրենսդրությունն արդեն իսկ նախատեսում է նման անձանց մասին տեղեկությունների հրապարակումը, նշել են գերատեսչությունում։ Բացի դրանից, օրինագիծը պետական մարմիններին կպարտավորեցներ բացահայտել տեղեկություններ, որոնց հավաքագրումը չի մտնում օրենքով սահմանված նրանց պարտականությունների մեջ։
ՊԱԿ-ի նախկին հաստիքային աշխատակիցների ցանկը հասանելի է kgbveikla.lt կայքում։ Խորհրդային հատուկ ծառայության հետ համագործակցությունը խոստովանած անձանց անունները շարունակում են գաղտնի մնալ։
2000 թվականի փետրվարի 1-ին ուժի մեջ մտած օրենքը ՊԱԿ-ի և խորհրդային այլ հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցներին, ինչպես նաև գաղտնի տեղեկատուներին հնարավորություն էր տվել խոստովանել համագործակցությունը և գրանցվել հատուկ հանձնաժողովում։ Սկզբում նրանց ինքնությունը պետք է գաղտնի մնար 15 տարի, սակայն 2015 թվականի հունիսին Սեյմը գաղտնիության ժամկետը երկարաձգել էր մինչև 75 տարի։
Միաժամանակ նախատեսված են բացառություններ։ Եթե ՊԱԿ-ի նախկին աշխատակիցը կամ տեղեկատուն առաջադրվում է նախագահի պաշտոնում, Սեյմի կամ համայնքային խորհրդի ընտրություններում, կամ դառնում է նախարար, դատավոր կամ դատախազ, նրա խոստովանության մասին տեղեկությունները դադարում են պետական գաղտնիք լինելուց և ենթակա են հրապարակման։
Ժեմայտայտիսը և այլ պատգամավորներ առաջարկել են միաժամանակ վերացնել գաղտնիության 75-ամյա ժամկետը նրանց համար, ովքեր արդեն խոստովանել են ՊԱԿ-ի հետ համագործակցությունը։ Կառավարությունը դեմ է արտահայտվել նաև այդ նախաձեռնությանը։
Ավելի վաղ Ժեմայտայտիսը պնդել էր, որ Լիտվայի պետական հատվածում աշխատում են ՊԱԿ-ի մոտ 400 նախկին աշխատակիցներ և գաղտնի իրազեկիչներ։ Սակայն նա չէր բացահայտել այդ տվյալների աղբյուրը։
ՊԱԿ-ի հետ համագործակցությունը խոստովանելու հնարավորություն եղել է նաև 1991–1992 թվականներին․ այն ժամանակ դիմումներն ընդունում էր Լիտվայի Գերագույն խորհրդի հատուկ հանձնաժողովը։ Կամավոր խոստովանության հետագա ժամանակահատվածում Լյուստրացիայի հանձնաժողովին 1589 մարդ է դիմել։





























