Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կինը՝ Բեգոնիա Գոմեսը, բողոք է ներկայացրել ընդդիմադիր Ժողովրդական կուսակցության (PP) դեմ՝ նրան մեղադրելով արհեստական բանականության միջոցով ստեղծված նախընտրական տեսանյութ տարածելիս իր ինքնությունն ապօրինի օգտագործելու մեջ, հայտնում է  Cadena SER-ը։

Տեսանյութում օգտագործվել են նաև Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության (PSOE) այլ ներկայացուցիչների, ներառյալ՝ նախկին վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի և Սանտոս Սերդանի՝ արհեստականորեն ստեղծված պատկերներն ու ձայները, հայտնում է Cadena SER ռադիոկայանը։

Բողոքն ուղղված է սոցիալական ցանցերում Ժողովրդական կուսակցության պաշտոնական հաշիվները վարելու համար պատասխանատու անձանց, ինչպես նաև կուսակցության այլ ներկայացուցիչների դեմ, որոնք կարող էին տեսանյութը հրապարակելու հրահանգներ տալ։ Գոմեսի փաստաբանը պահանջում է հարցաքննության կանչել կուսակցության գլխավոր քարտուղար Միգել Տելյադոյին՝ պարզելու, թե ով է ստեղծել տեսանյութը և թույլատրել դրա տարածումը։

Պաշտպանական կողմի կարծիքով՝ Գոմեսի՝ արհեստականորեն ստեղծված պատկերի և ձայնի օգտագործումը, որի միջոցով նրան վերագրվել են խոսքեր ու գործողություններ, որոնք նա երբեք չէր ասի կամ կատարի, նպատակ է ունեցել նվաստացնելու նրան և վնաս է հասցրել նրա արժանապատվությանը, պատվին ու սեփական պատկերի նկատմամբ իրավունքին։

Բողոքում նշվում է, որ տեսանյութն ունի քաղաքական-քարոզչական բնույթ և տարածվել է նախընտրական շրջանում՝ վարչապետի կնոջը վարկաբեկելու և նրան ու նրա ամուսնուն վնաս հասցնելու նպատակով։ Փաստաբանն ընդգծում է, որ Գոմեսը պետական պաշտոն չի զբաղեցնում և ընտրություններին չի մասնակցում, ուստի չպետք է դիտարկվի որպես հանրային քաղաքական գործիչ, որի անձնական կյանքն ու վարքագիծը ենթակա են նույնպիսի հանրային վերահսկողության, ինչ ընտրված պաշտոնյաներինը։

Պաշտպանական կողմը նշում է նաև, որ նվաստացուցիչ դիփֆեյքերի վերաբերյալ օրենսդրությունն ու դատական պրակտիկան դեռ ձևավորման փուլում են, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն քննել է դրան առնչվող որոշ հարցեր։ Փաստաբանի կարծիքով՝ տեսանյութն արհեստական բանականության միջոցով ստեղծված լինելու մասին նշումը հեղինակներին չի ազատում պատասխանատվությունից։ Բողոքում նշվում է, որ նախազգուշացումը տեղադրված է եղել մանրատառ՝ գրեթե աննկատ կիսաթափանցիկ ֆոնի վրա։

Ըստ Cadena SER-ի՝ հրապարակումը հավաքել է 2,3 միլիոն դիտում, ավելի քան 2 հազար մեկնաբանություն և 35 հազար արձագանք։ Պաշտպանական կողմը համարում է, որ տեսանյութի լայն տարածումը մեծացրել է Գոմեսին պատճառված վնասը։

Պեդրո Սանչեսը բողոք ներկայացնելու մասին հայտնել է չորեքշաբթի՝ Keep it cutre փոդքասթում։ Նա Ժողովրդական կուսակցությանը մեղադրել է համացանցում անչափահասների նկատմամբ հալածանք հիշեցնող մեթոդներ կիրառելու մեջ և հայտարարել, որ երկրի կառավարումը ստանձնելուն հավակնող կուսակցությունը պետք է հակազդի նման գործելակերպին։ Վարչապետը նշել է, որ PSOE-ն նախընտրական քարոզարշավում արհեստական բանականություն չի օգտագործում, սակայն ինքն է դառնում նման հարձակումների թիրախ։ Սանչեսը քննադատել է նաև Ժողովրդական կուսակցությանն ու Vox կուսակցությանը՝ այդ տեխնոլոգիան անպատասխանատու կերպով օգտագործելու համար։

Ժողովրդական կուսակցությունում բողոքին արձագանքել են սոցիալական ցանցերում ծաղրական մեկնաբանություններով։ Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները ծաղրել են դատարան դիմելը և հայտարարել, որ կառավարությունը, իրենց կարծիքով, փորձում է սահմանափակել քաղաքական քննադատությունը։ Կուսակցությունը միաժամանակ հիշեցրել է սոցիալիստների ներկայացուցիչներին առնչվող այլ հետաքննությունների մասին։