Մոնակոյի իշխանությունները մեղադրանք են առաջադրել Ուկրաինայի 42-ամյա քաղաքացուն՝ իշխան Ալբեր II-ի ազգականի՝ 29-ամյա Անտուան դը Մասիի մահվան առնչությամբ։ Տղամարդուն մեղադրել են անզգուշությամբ մահ պատճառելու և վտանգի մեջ գտնվող անձին օգնություն չցուցաբերելու մեջ ու կալանավորել, հայտնել է իշխանապետության դատախազությունը, գրում է ֆրանսիական Le Figaro պարբերականը։
Դը Մասիի՝ ներկայիս պետության ղեկավարի հոր՝ իշխան Ռենիե III-ի ավագ քրոջ՝ արքայադուստր Անտուանետի թոռան մարմինը հոկտեմբերի 25-ին հայտնաբերել են Լարվոտո առափնյա շրջանի մերձակայքում գտնվող պուրակում։ Դատախազության տվյալներով՝ քննության շրջանակն ընդլայնվել է, երբ տեսահսկման տեսախցիկներն արձանագրել են տղամարդուն մահացածի կողքին՝ նրա մահվանից քիչ առաջ։
Ըստ դիահերձման արդյունքների՝ մահվան հավանական պատճառը Լարվոտո բուլվարից մոտ 13 մետր բարձրությունից շենքի հետևում գտնվող հարթակի վրա ընկնելն է եղել։ Քննությունը պետք է պարզի երիտասարդի մահվանը հանգեցրած իրադարձությունների ճշգրիտ հաջորդականությունը։
Կասկածյալը Մոնակոյում բնակվում է շուրջ 30 տարի։ Ոստիկանությունում հարցաքննության ժամանակ նա հերքել է առաջադրված մեղադրանքները, իսկ գործը քննիչ դատավորին փոխանցվելուց հետո հրաժարվել է պատասխանել նրա հարցերին։
Դատախազությունը չի բացահայտել տղամարդու ենթադրյալ գործողությունների մանրամասները՝ նշելով, որ մեղադրանքների հիմք դարձած դրվագները կարող էին տեղի ունենալ տարբեր ժամանակներում։ Քննությունը շարունակում է պարզել կատարվածի հանգամանքները։ Մինչև դատարանի որոշման ընդունումը կասկածյալը համարվում է անմեղ։




























