Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահների եռակողմ հանդիպումը հնարավոր է, սակայն դրա անցկացման համար կողմերը պետք է մեծ աշխատանք կատարեն։ Դրա մասին լրագրող Կիրիլ Յունաշևին տված մեկնաբանությունում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «Коммерсантъ»-ը։
Մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ նման հանդիպում կարող է տեղի ունենալ «շատ շուտով»։ Մեկնաբանելով այդ հայտարարությունը՝ Պեսկովը նշել է, որ «շուտով» հասկացությունը կարող է տարբեր կերպ մեկնաբանվել։
Եռակողմ բանակցությունների քննարկումն ակտիվացել է հոկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո։ Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվել են Աբու Դաբիում կազմակերպել Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները։
Պատվիրակությունների հանդիպումը կարող է տեղի ունենալ արդեն նոյեմբերին։ Քննարկման ենթադրվող թեմաների թվում են տարածքային զիջումները։





























