Գերմանական Volkswagen ընկերությունը մտադիր է Չինաստանում իր բիզնեսը վերակողմնորոշել դեպի ավտոմեքենաների արտահանումը, քանի որ աշխարհի խոշորագույն ավտոշուկայում պահանջարկը թուլանում է, իսկ չինական արտադրողներն ամրապնդում են իրենց դիրքերն արտերկրում, հայտնում է dpa-ն։
Գերմանական ավտոկոնցեռնը հայտարարել է «Չինաստանում՝ Չինաստանի համար» ռազմավարությունից «Չինաստանում՝ Չինաստանի սահմաններից դուրս» նոր մոդելին անցնելու մասին։
Նոր ռազմավարության մասին ընկերությունը հայտնել է չորեքշաբթի՝ Չինաստանի արևելքում գտնվող Հեֆեյ քաղաքում։ Volkswagen-ը նախատեսում է օգտագործել Չինաստանում իր համատեղ ձեռնարկությունների արտադրական հզորություններն ու տեխնոլոգիաները՝ Հարավարևելյան Ասիայի, Աֆրիկայի հարավի և Հարավային Ամերիկայի շուկաներում իր ներկայությունն ընդլայնելու համար։
Ընկերությունը պատրաստվում է Չինաստանում վաճառքների երկարատև անկմանը։ «Չինաստանի ամբողջ շուկան սրընթաց անկում է ապրում»,- Handelsblatt գործարար պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է երկրում Volkswagen-ի ստորաբաժանման ղեկավար Ռալֆ Բրանդշտետերը։ Ըստ նրա՝ սպառողները վախենում են կորցնել աշխատանքը և վստահ չեն ապագայի հարցում։
2025 թվականին Չինաստանում վաճառվել է ավելի քան 24 միլիոն ավտոմեքենա։ Սակայն, շուկայի հետազոտողների կանխատեսումներով, 2026 թվականին վաճառքների ծավալը կարող է 19 միլիոն ավտոմեքենայից պակաս լինել։ Volkswagen-ը հաջորդ տարի ևս պահանջարկի էական վերականգնում չի ակնկալում։
«Հավանաբար շուկան կմնա մոտ 19 միլիոն ավտոմեքենայի մակարդակում»,- նշել է Բրանդշտետերը։ Միաժամանակ ընկերությունը մտադիր է երկարաժամկետ հեռանկարում պահպանել շուկայում իր 11% մասնաբաժինը։
Վաճառքների կանխատեսվող ծավալի հաշվարկով՝ դա համապատասխանում է տարեկան մոտ 2,1 միլիոն ավտոմեքենայի։
Volkswagen-ն արդեն չինական արտադրության ավտոմեքենաներ է մատակարարում արտասահմանյան շուկաներ, դրանց թվում՝ Մերձավոր Արևելք, Ղազախստան և Ուզբեկստան։ Այժմ կոնցեռնը նախատեսում է ընդլայնել արտահանումը չինական տեխնոլոգիաների կիրառմամբ մշակված նոր մոդելների հաշվին։ Դրանց թվում կլինեն բենզինային, էլեկտրական և հիբրիդային ուժային համակարգերով ավտոմեքենաներ, որոնք նախատեսված կլինեն առաջին հերթին զարգացող շուկաների համար։
Նախկինում Չինաստանում Volkswagen-ի ձեռնարկությունները հիմնականում ավտոմեքենաներ էին արտադրում ներքին շուկայի համար, իսկ արտահանումը սահմանափակ դեր ուներ։ Սակայն տեղական ապրանքանիշերի կողմից մրցակցության ուժեղացումը, գնային ճնշումն ու պահանջարկի նվազումը ստիպել են ընկերությանը վերանայել իր մոտեցումը։
Չինաստանի մարդատար ավտոմեքենաների ասոցիացիայի (CPCA) տվյալներով՝ 2026 թվականի առաջին ինն ամիսներին չինական շուկայում ավտոմեքենաների վաճառքը կրճատվել է 21,7%-ով։ Ի պատասխան՝ տեղական արտադրողներն ավելացնում են արտահանումը՝ ընդլայնելով իրենց ներկայությունը ոչ միայն Եվրոպայում, այլև զարգացող երկրներում։ Սեպտեմբերին չինական ավտոմեքենաների արտահանումն աճել է 73,7%-ով, հայտնում է ասոցիացիան։
Չինաստանում Volkswagen-ի վաճառքները երրորդ եռամսյակում նվազել են 38,5%-ով՝ հասնելով 405 հազար 800 ավտոմեքենայի։ Այդ անկմանը բաժին է ընկել կոնցեռնի վաճառքների ընդհանուր կրճատման ավելի քան 80%-ը։
Իր վաճառքների գագաթնակետին Volkswagen-ը Չինաստանում տարեկան վաճառում էր ավելի քան 4 միլիոն ավտոմեքենա։ Այժմ գերմանական արտադրողը մտադիր է ներքին շուկայում իրավիճակի վատթարացումը փոխհատուցել արտահանման ընդլայնմամբ և Չինաստանում մշակված տեխնոլոգիաների կիրառմամբ։





























