Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների շրջանակում, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն դեկտեմբերի 1-ին, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ, կոմիտե է հրավիրել արտաքին տնտեսական գործունություն իրականացնողներին՝ երկխոսության միջոցով պարզելու մաքսային ոլորտում առկա խնդիրներն ու հարցադրումները:
«Հանդիպման նպատակն աշխատանքային գործունեության ընթացքում ի հայտ եկող խոչընդոտների վերհանումն է, որպեսզի մեր ամենօրյա աշխատանքով հետամուտ լինենք առկա խնդիրների վերացմանը»,-նշել է ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Գեղամ Մովսիսյանը:
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ որդեգրելով մաքսային ընթացակարգերի պարզեցման, մաքսային ձեւակերպումների ժամանակահատվածի կրճատման, նեմուծողների եւ արտահանողների համար առավել բարենպաստ աշխատանքային պայմանների ստեղծման քաղաքականությունը՝ Մաքսային հսկողության վարչության պետ Գեւորգ Սաղոյանի խոսքով՝ նմանօրինակ հանդիպումները մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումների վերաբերյալ բիզնեսի մոտեցումները հասկանալու հնարավորություն են ստեղծում:
«Հետեւելով ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման միտումներին՝ ՊԵԿ-ը հետամուտ է մաքսային գործընթացների ամբողջական ավտոմատացմանը, բայց քանի որ դեռեւս մաքսային ծառայող-տնտեսվարող շփումն ամբողջությամբ չի վերացվել, ապա այսօրվա հանդիպման գլխավոր նպատակը հենց այդ շփման ընթացքում ի հայտ եկող ռիսկերի վերլուծումն է»,-ընդգծել է մաքսային հսկողության վարչության պետը:




























