Իշխանությունները հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված հարցերում թերացել են թե չեն ապահովվել արտաքին պայմաններ, թե չկան սոցիալական պաշտպանությունն ապահովող օրենսդրական լուծումներ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

Նրա փոխանցմամբ, այժմ քննարկվում է օրենքի նախագիծ՝  նախատեսված հաշմանդամների տեղաշարժի, սոցիալական պաշտպանության եւ հարակից հարցեր լուծման համար։ «Նախագիծը շուտով լինելու է, ընթանում են քննարկումներ, քննարկվել է սոցիալական հանձնաժողովում, կուսակցության ներսում, հասարակական կազմակերպությունների հետ»,-նշեց նա։

Մարգարիտ Եսայանի հավաստմամբ՝   երկրում «գազելային քաղաքականության» պայմաններում դժվար է խոսել հաշմանդամների  պաշտպանության մասին։ «Անհրաժեշտ է տրանսպորտային այնպիսի պայմաններ, որի դեպքում հաշմանդամները չեն ունենա  տեղաշարժման խնդիրներ։ Այո, քաղաքապետը եւ իշխող կուսակցությունը իր նախընտրական քարոզարշավին անդրադարձել է այս հարցին։ Մենք շտապում են՝ օրենքի նախագիծը ներկայացնել հանրության դատին, սակայն հասկանում ենք նաեւ, որ պետք չէ շտապողականություն դրսեւորել»,-շեշտեց նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ը նշվում է որպես հաշմանդամների համաշխարհային օր։

Նշենք, որ հաշմանդամների սոցիալական պաշտպանության հարցերը կարգավորվում են 1993 թվականին ընդունված «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքով։