Հայկական շուկայում վաճառվում են ներկեր, որոնցում կապարի պարունակությունը գերազանցում է թույլատրելի 0.5%-ը 1500 անգամ։ Խնդրին հետամուտ լինելու համար Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնում այսօր՝ դեկտեմբերի 4-ին, հրավիրվել էր քննարկում, որին մասնակցում էին հարցը բարձրաձայնող «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի», ինչպես նաեւ «Սպառողների միության», ՄԻՊ «Իրավագետ սերունդ», «Սպառողների խորհրդատվության կնետրոն» ՀԿ-ների, նաեւ՝ ՀՀ-ում հավատարմագրված լաբորատորիայի ներկայացուցիչներ։
Վերջին շրջանում լրատվամիջոցներում, ինչպես նաեւ ՇՎՏՄ-ում օրերս տեղի ունեցած ՀԿ-ների հետ եւս մեկ քննարկմանը նման ահազանգ հնչեցրած «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» կազմակերպությունը մանրամասն ներկայացրեց իր ուսումնասիրության արդյունքները։
Մասնավորապես, վերոնշյալ ՀԿ-ն պնդում է, որ ՀՀ շուկայում իր կողմից նմուշառված 49 անուն ներկերից 11-ում կապարի պարունակության անթույլատրելի բարձր տոկոս է գրանցվել։ Ընդ որում՝ ուսումնասիրությունը կատարվել է միջազգային ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ-ում։ Ու քանի որ, ըստ այսօրվա քննարկմանը ներկա մասնագետների, այստեղ կարող ենք գործ ունենալ լաբորատոր տարբեր մեթոդների եւ անվտանգության տարբեր ցուցանիշների հետ, որոշվեց ՀՀ-ում ընդունված տեխնիկական կանոնակարգերի հիման վրա իրականացնել նոր փորձարկում։
Արդյունքները կհրապարակվեն մեկ շաբաթից՝ ՇՎՏՄ-ում ՀԿ-ների հետ հրավիրված հաջորդ հանդիպմանը։ Եթե լաբորատոր այս փորձարկման արդյունքում ՀԿ-ների հնչեցրած ահազանգը հաստատվի, ՇՎՏՄ-ն կձեռնարկի խնդրի լուծման ուղղությամբ օրենքով իրեն վերապահված բոլոր քայլերը։




























