Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարը, ով ազգությամբ ադրբեջանցի է, իր գործողությամբ ու հայտարարություններով վնաս է հասցրել կառույցի վարկանիշին եւ շահերին: Այս մասին, այսօր՝ դեկլտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՍԾՏՀ ԽՎ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով վեհաժողովի ժամանակ ընդունված հակահայկական հայտարարությանը:
Նրա խոսքով, Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը զուտ տնտեսական ֆորում է եւ որեւէ լիազորություն չունի քաղաքական հարցեր, առավել եւս կոնֆլիկտներ քննարկելու ու գնահատականներ տալու համար:
Աղվան Վարդանյանը նշեց, որ վեհաժողովը, որը ընթանում էր Կիեւում, կառույցի գլխավոր քարտուղարի հետ, ով ադրբեջանցի է, վերջին պահին բոլորից գաղտնի, գաղտագողի, տեքստում փոփոխություն էր իրականացրել եւ քննարկել հարցը մնացած պատվիրակությունների ղեկավարների հետ:
«Երբ մենք լքեցինք դահլիճն ու մեկ ժամ հետո վերադարձանք պատվիրակության հայտարարությունը ամբիոնից կարդալու համար, շրջեցինք ամբողջ խաղը եւ նրանք ծանր վիճակի մեջ էին: Այն, որ մենք պարոն Մինասյանի ելույթից հետո նորից լքեցինք դահլիճը ու այլեւս պաշտոնական միջոցառումներին չմասնակցեցինք, գլխավոր քարտուղարը, ով ի պաշտոնե պարտավոր էր լինել չեզոք ու արտահայտել բոլոր կողմերի շահերը, ելույթ ունեցավ, որն անհամատեղելի է իր կարգավիճակին: Նա ասաց՝ հեռացեք Ադրբեջանի տարածքներից: Դուք գրավել եք Ադրբեջանի 20 տոկոսը եւ այլն: Մենք լսեցինք այն զառանցանքները, որոնք 25 տարի է լսում ենք», - ընդգծեց Վարդանյանը:
Նա նկատեց, որ ՍԾՏՀ ԽՎ կողմից ընդունված այս հռչակագիրն ազդեցություն չի կարող ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, այն ավելի շատ ուղղված է Ռուսաստանի դեմ, եւ դրա համար էլ ՌԴ ԱԳ նախարարը անդրադարձել է հռչակագրին:
Անդրադառնալով մամուլում այս օրերին հայկական պատվիրակության հասցեին հնչած քննադատություններին՝ Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանի գլխավորությամբ պատվիրակությունը լավ աշխատանք է կատարել. «Ցավում եմ նման գնահատականների ու մեղադրանքների համար՝ պատվիրակության ու պատվիրակության ղեկավարի հասցեին: Կարծում եմ՝ մեր մասով սա ազնիվ չէ»:
Հիշեցնենք, որ ՍԾՏՀ ԽՎ 25-ամյակի կապակցությամբ Կիեւում ընդունվել էր հակամարտությունների կարգավորման մասին հռչակագիր, որում տեղ էին գտել հակահայկական ձեւակերպումներ։ Հայկական պատվիրակությունը հրապարակավ լքել էլ դահլիճը:




























