Դեկտեմբերի 1-ից 4-ը, հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության եւ գործողությունների համադրման բազմակողմ ծրագրի շրջանակում, ՊԲ էր այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկվել էին նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան զինվորականներ ու պաշտոնյաներ:
Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԲ-ում իրականացված շրջայցի ընթացքում, ներկայացուցչական պատվիրակությանը ուղեկցում էին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը:
Հայկական երկու հանրապետությունների նախագահները ունկնդրել են բանակի հրամանատարի զեկույցը՝ առաջնագծում առկա եւ հավանական զարգացումների վերաբերյալ, ծանոթացել տարվա ընթացքում, ռազմապաշտպանական համակարգի կատարելագործման ուղղությամբ իրականացված համալիր գործընթացներին: Այնուհետեւ մեկնել են հարավային ուղղությամբ տեղակայված զորավարժարաններից մեկը, որտեղ հետեւել են զինված ուժերի եւ ՊԲ-ի համահավաք զորախմբի մարտավարական զորախաղերին եւ հնարավորություն ունեցել անձամբ գնահատելու մասնակից ստորաբաժանումների պատրաստության մակարդակը եւ խրախուսելու առավել աչքի ընկած մասնակիցներին:
Աշխատանքային այցի օրակարգը հագեցած էր բացման եւ նորամուտի արարողություններով: Նախագահները, պաշտպանության նախարարները եւ գլխավոր շտաբի պետը մասնակցել են մի շարք հանդիսավոր միջոցառումների, որոնց ընթացքում շահագործման են հանձնվել բնակարաններ, զորանոցներ ու զորային նշանակության այլ շինություններ:
Աշխատանքային այցի ընթացքում նախագահները եղել են նաեւ ռազմական նշանակության մի շարք օբյեկտներում եւ ծանոթացել հակառակորդին առավել արդյունավետորեն հակազդելու նպատակով ստեղծված եւ ՊԲ-ում ներդրված մի շարք՝ բացահայտման եւ հանրայնացման ոչ ենթակա նորամուծությունների, խրախուսել նշված եւ հարակից գործընթացներում աչքի ընկած եւ առավելագույն ներդրում ունեցած զինծառայողներին:
Աշխատանքային այցի ընթացքում, հայկական երկու հանրապետությունների ռազմաքաղաքական ղեկավարության կողմից հարգանքի տուրք է մատուցվել նաեւ խորհրդային միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին, ում 120-ամյակը լրացել է դեկտեմբերի 2-ին:




























