«Ի տարբերություն այն մարդկանց, ովքեր պնդում են, թե ռուս իրավապահների եւ կովկասցիների միջեւ վերջին բախումները կատարվում են իշխանական օղակների գիտությամբ եւ թողտվությամբ, ես չէի շտապի նման համոզմունք հայտնել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Մոսկվայում վերջին օրերս տեղի ունեցող զանգվածային անկարգությունների թեմային։

«Հիմք չունեմ ասելու, որ սա արվում է ռուսական իշխանությունների կողմից, ավելին, նրանք հասկանում են, որ այս ամենը վարկաբեկում է հենց Ռուսաստանին։ Պատճառ չկա պնդելու, որ վերջին օրերի անկարգությունները կատարվում են այդ երկրի իշխանությունների գիտությամբ, ընդհակառակը, սա ինչ-որ չափով ցույց է տալիս երկրում կարգուկանոն հաստատելու նրանց անկարողությունը։ Իրավապահական հարց լինելուց բացի, սա նաեւ հասարակության խնդիրն է։ Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը հսկայական մի երկիր է, որտեղ բավական մեծ թիվ են կազմում այլազգիները, ապա սա լուծման կարիք ունեցող լուրջ հարց է։ Եթե օտարերկրացիների նկատմամբ կա այլատյացություն, ապա սա խնդիր է, որը ռուսաստանյան իշխանությունները պետք է լուծեն»,-ասաց Մանոյանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի մայրաքաղաքում զանգվածային անկարգություններն սկսվել էին դեկտեմբերի 6-ին, երբ Մոսկվայի Գոլովինսկի շրջանում ծեծկռտուք էր ծագել հյուսիսկովկասցիների եւ «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների միջեւ։ Ծեծկռտուքին մասնակցել էին 10 հոգի։ Հետաքննության տվյալներով, վիճաբանության  ժամանակ Կաբարդինո-Բալկարիայի հանրապետության քաղաքացի Ասլան Չերկեսովը գազային ատրճանակից կրակել էր մոսկվացի Սվիրիդովի վրա։ Ստացած չորս վնասվածքների հետեւանքով նա տեղում մահացել էր։ Սրան հաջորդել էին Մոսկվայի Մանեժնայա հրապարակում եւ այլ վայրերում տեղի ունեցած չարտոնված ցույցերը։ Ոստիկանների եւ ցուցարարների բախումների ընթացքում մինչ օրս զոհվել են մի քանի օտարերկրացիներ, բազմաթիվ մարդիկ վիրավորվել են։