Աշխարհի երեք առաջատար վարկանիշային գործակալություններից մեկը՝ «Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) ամերիկյան կորպորացիան, արդեն երրորդ անգամ անընդմեջ վերահաստատել է հանրային ֆինանսների բնագավառում Երեւան քաղաքի վարկանիշը՝ այն սահմանելով «B+» «Կայուն» կանխատեսմամբ:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ աշխարհի առաջատար մասնագիտացած կազմակերպության կողմից հաստատված վարկանիշը կարեւոր ցուցիչ է միջազգային վարկային կազմակերպությունների եւ գործարարների համար, քանի որ այդ կառույցների կողմից ներդրումային շուկա ընտրելիս հրապարակված նման ցուցանիշներն ու կայունության կանխատեսումները գործնականում համարվում են արժանահավատ եւ հիմնավոր։ «Ֆիչ Ռեյթինգս»-ը, որպես միջազգային առաջատար վարկանիշային գործակալություն, համաշխարհային ներդրումային շուկաներին տրամադրում է աշխարհի տարբեր երկրների կամ քաղաքների տնտեսության ռիսկերի եւ առկա ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերին Երեւանի քաղաքապետարանը եւ «Ֆիչ Ռեյթինգս» կազմակերպությունը ստորագրեցին Երեւան քաղաքի հանրային ֆինանսների բնագավառում միջազգային վարկանիշ շնորհելու գործընթաց իրականացնելու մասին համագործակցության համաձայնագիր:

Շնորհված վարկանիշի հիմնավորումներն ու կանխատեսումներն առավել մանրամասն՝ «Ֆիչ Ռեյթինգս» գործակալության https։//www.fitchratings.com/ պաշտոնական կայքում: