Եվրասիական տնտեսական միության Մաքսային  օրենսգիրքն առհասարակ մաքսատուրքերի հարցին չի առնչվում, քանի որ մաքսատուրքերի հարցը կարգավորվում է ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի համապատասխան որոշմամբ, ըստ որի սահմանված է միասնական մաքսատուրք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույյցում  ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Հարցին՝ հաջորդ տարվա հունվարից ի՞նչ  թանկացումներ են սպասվում Հայաստանում, նա պատասխանեց. «Հայաստանի համար միասնական տարիֆների բացառության ժամկետը կամաց-կամաց լրանում է՝ մինչեւ 2020 թվականը յուրաքանչյուր ապրանքատեսակի մասով: Թե քանի տոկոս թանկացում է սպասվում, առհասարակ դժվար է պատասխանել՝ թանկացում սպասվում է, թե ոչ: Օրինակ՝ թռչնի մսի համար նախատեսված է, որ մաքսադրույքը 14 տոկոսից սահամանվելու է 18 տոկոս: Այսինքն՝ 4 տոկոսային կետով ավելացում է լինելու, բայց թե ինչպես դա կանդրադառնա գների վրա, պայմանավորված է մի շարք հանգամանքներով»,- ասաց նա:

Ըստ Միրումյանի՝ ԵՏՄ անդամ երկրներից ներմուծումները մաքսատուրքով չեն հարկվում, այսինքն՝ եթե Հայաստանը երրորդ երկրներից ներմուծումը փոխարինում է ԵՏՄ երկրներից կատարվող ներմուծումներով, նշանակում է, որ մաքսատուրքի թանկացումը չի ազդում այդ ապրանքի վրա:

«Երկրորդ, մենք ունենք ազատ առեւտրի մասին համաձայնագրեր մեր գործընկեր այլ երկրների հետ: Եթե տվյալ ապրանքատեսակի ներմուծումը փոխարինվեց տվյալ համաձայնագրի կողմ հանդիսացող երկրներից մեկից ներմուծումներով բնականաբար, կստացվի, որ որեւէ ազդեցություն չի կարող ունենալ: Այստեղ պետք է նկատի ունենալ նաեւ այն հանգամանքը, որ այն անցումային ժամանակահատվածը, որը տրված էր Հայաստանին, դա նաեւ տեղական արտադրությունը պաշտպանելու միջոց է: 2015 թվականին մենք արդեն գիտեինք, որ 2018-ից տեղական արտադրողն ավելի լայն հնավորություններ է ունենալու, սա նաեւ հնարավորություն է տեղական արտադրողի համար, օրինակ, թռչնի մսի արտադրությունն ընդլայնելու համար»,- հավելեց ՊԵԿ փոխնախագահը:

Նա նշեց, որ  այս քաղաքականության նպատակներից մեկն էլ այն է, որ ԵՏՄ անդամ երկրները միմյանց միջեւ ակտիվ առեւտուր անեն: Նա հաստատեց դիտարկումը, որ սա նաեւ նշանակում է հետեւյալը՝ երրորդ երկրներից Հայաստան ներմուծումները կրճատվելու են. «Այո, եթե մաքստուրքի դրույքաչափերը բարձրանում են, ստեղծվում է այլ հավասար պայմաններում հնարավորություն՝ այնպիսի երկրներից ներմուծելու, որտեղ մաքսատուրքերի ազդեցությունը չեզոքացվում է»,- ընդգծեց նա:

Եվ այս բոլոր բաղադրիչների հանրագումարը, նրա խոսքով, Հայաստանի կառավարությանը հիմք է տալիս ենթադրելու, որ 2018 թվականի հունվարից Հայաստանում էական թանկացումներ չպետք է սպասել:

Անդրադառնալով արդեն իսկ արձանագրված թանկացումներին՝ ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ դրանք մաքսատուրքերով պայմանավորված չեն:

Վախթանգ Միրումյանը նաեւ ասաց, որ իր կյանքն էլ վերջին մեկ տարում չի լավացել, մնացել է նույնը: Հարցին, թե թանկացումներն իր ընտանիքի վրա ինչպե՞ս են ազդել, պատասխանեց. «Ավելի շատ դրամական միջոցներ եմ կորցրել»: