Հայաստանում 7400 բազմազավակ ընտանիքներից 6400-ը նպաստառու են: Այս մասին այսօր` դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը` «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագծով նախատեսված արտոնությունները ներկայացնելու ժամանակ:
Նա նշեց, որ նպաստառու ընտանիքներին տրամադրվող աջակցությունը որոշակիորեն տարբերվելու է, մնացած ընտանիքներին տրամադրվող աջակցությունից:
«Եթե մարդը նպաստառու է, աղքատ է, մենք առաջարկում ենք հետեւյալ մոդելը` նպաստից դեպի զբաղվածություն: Ծրագիրը գրելիս նաեւ պետք է հաշվի առնել շահառուների իրական կարիքները եւ պետության հնարավորությունները: Մեր նպատակն է աջակցության նպաստ տրամադրելու տեսակից անցնել դեպի զբաղվածություն»,-ասաց Վանիկ Բաբաջանյանը` նշելով որ նախատեսում են ինքնազբաղվածությունը խթանել արտոնյալ վարկեր տրամադրելով:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետը նշեց, որ բազմազավակ ընտանիքների զբաղվածության խնդիրները լուծելուց հետո, նախատեսվում է արտոնյալ հիպոթեքային պայմաններով նաեւ բնակարանային խնդիրների լուծում:




























