Բագրատաշենի արդիականացված մաքսակետում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվում է արդյունավետ, բայց աննկատ հսկողություն. «Ռապիսկան» սարքավորման միջոցով մանրակրկիտ զննության են ենթարկվում ուղեւորներն ու նրանց ուղեկցող բեռները: Այս մասին նշել է ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Գեղամ Մովսիսյանը:
«Անհրաժեշտության դեպքում հսկողությունն իրականացվում է նաեւ մարմնի ռենտգեն զննման գերժամանակակից սարքավորմամբ: Այն հնարավորություն է տալիս հայտնաբերելու ոչ միայն հագուստի մեջ թաքցված ապրանքները, այլեւ օրգանիզմում առկա օտար մարմինները»,-ընդգծել է ՆՀՎ պետը:
«Խելացի» սարքավորումը երբեք չի սխալվում. անվտանգ է, ապահով եւ հուսալի, վստահեցնում է մաքսային տեսուչը: Վերջերս էլ հենց այս սարքի միջոցով հաջողվել է կանխել հագուստի մեջ թաքցված թանկարժեք զարդերի տեղափոխման փորձը: Իսկ «Յանտար» տեսակի սարքավորումներով, կրկին աննկատ, ստուգվում է ռադիոակտիվ նյութերի հնարավոր առկայությունը: Վարչության պետ Գեղամ Մովսիսյանի տեղեկացմամբ՝ սահմանային անցակետերում կիրառվող նորագույն տեխնոլոգիաները չեն վնասում մարդու առողջությանը: Բեռնատարների եւ տրանսպորտային միջոցների նախաբացթողումային հսկողությունը շարունակվում է էլեկտրոնային կշեռքների, «Ռապիսկան» սարքավորումների, նաեւ ռենտգեն զննման շարժական համակարգի միջոցով:
Զննություն է կատարվում նաեւ խորը զննման մասնաշենքում: «ՀՀ սահմանը հատած բեռնատար մեքենաները զննվում են «Ռապիսկան» սարքավորման միջոցով. մասնագետները ստուգում եւ համեմատում են փաստաթղթային տվյալները՝ բեռնատարներում գտնվող ապրանքների հետ:
Անհամապատասխանության դեպքում բեռն անմիջապես վերցվում է հսկողության, միաժամանակ տեղեկատվությունն ուղարկվում է նշանակման վայր: Մաքսակետից մինչեւ նշանակման վայր հասնելը՝ բեռնատարը գտնվում է նախաբացթողումային հսկողության ներքո»,-նշել է Գեղամ Մովսիսյանը:




























