Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին՝ ժամը 18։00-ից 20։00-ն, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։
Հուղարկավորության արարողությունը տեղի կունեն դեկտեմբերի 7-ին՝ ժամը 13.00-ին՝ նույն եկեղեցուց:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուբեն Հասրաթյանը մահացել է 74 տարեկանում, երկարատեւ հիվանդությունից հետո:
Ռուբեն Հասրաթյանը պետական եւ հասարակական գործիչ Գրիգոր Հասրաթյանի որդին է։
Նրա համահեղինակային նախագծերով իրականացվել են Կապանի թիվ 5 եւ թիվ 6 թաղամասերի, Գյումրիի եւ Երեւանի «Էրեբունի» օդանավակայանների, Երեւանի թեթեւատլետիկայի ծածկած մանեժի կառուցապատումը, կազմվել Ստեփանավան քաղաքի վերականգնման գլխավոր հատակագիծը եւ Ձորագետի ձախափնյա կառուցապատման նախագիծը։
Հասրաթյանը Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության (1977), «Տարվա լավագույն կառույց» (1984) համամիութենական ստուգատեսների դափնեկիր է։
2004 թվականին Երեւանում տեղադրված Գրիգոր Հասրաթյանի հիշատակի հուշաքարի ճարտարապետն է, ինչպես նաեւ 2008 թվականին Երեւանում տեղադրված Վիլյամ Սարոյանի հուշարձանի ճարտարապետներից մեկը։ Նա հեղինակել է նաեւ 2012 թվականին Երեւանում տեղադրված «Վարք հավերժության» քանդակը։




























