Հայերն ու ճապոնացիները ունեն բազմաթիվ ընդհանրություններ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ճապոնիայի Ազգային տոնի կապակցությամբ տրված ընդունելության ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ճապոնիայի ազգային տոնի կապակցությամբ:

Հայաստանի ու Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 25-րդ տարում կարող ենք գոհունակությամբ նշել, որ երկու երկրների միջեւ ձեւավորվել է միջպետական արդյունավետ եւ բազմաբովանդակ համագործակցություն` հիմնված փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա:

Հայ-ճապոնական հարաբերությունների համար շրջադարձային էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2012թ. պաշտոնական այցը Ճապոնիա, որի ընթացքում կայացած բարձրաստիճան հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները եւ ընդունված Համատեղ հայտարարությունը ուղենիշ են մեր երկրների միջեւ համագործակցության վերընթաց զարգացման համար:

Հարաբերությունների առավել ակտիվացմանը մեծապես նպաստեցին 2010թ. Տոկիոյում, ինչպես նաեւ 2015թ. Երեւանում երկու երկրների դեսպանությունների հիմնումը, որոնք նոր խթան հաղորդեցին քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում փոխգործակցությանը:

Աշխարհագրական առումով մեր երկու ժողովուրդները, իրարից հեռու լինելով հանդերձ, այնուամենայնիվ, ունեն բազմաթիվ ընդհանրություններ, եւ դա առաջին հերթին մարդկային ներուժն է՝ աշխատասիրությունը, նպատակաուղղվածությունը, ստեղծագործական նորարարության նկատմամբ ձիրքը, ինչպես նաեւ հարուստ պատմության, մշակութային ժառանգության եւ արժեքային համակարգի պահպանման նվիրվածությունը:

Ճապոնական իմաստությունն ասում է. «Որպես բարեկամ՝ քայլի՛ր իմ կողքից»: Ճապոնիան՝ որպես իրական բարեկամ, մշտապես եղել է Հայաստանի կողքին՝ սկսած 1988թ. երկրաշաժից եւ մինչ օրս մեր երկրում իրականացնելով բազմաթիվ զարգացման ծրագրեր, խթանելով իրականացվող բարեփոխումները:

Մենք բարձր ենք գնահատում այդ բարեկամությունը:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Ցանկանում եմ կրկին շնորհավորել Ճապոնիայի ազգային տոնի կապակցությամբ եւ առաջարկում եմ բաժակ բարձրացնել՝ մաղթելով Կայսերական Մեծությանը քաջառողջություն, Ճապոնիայի ժողովրդին՝ խաղաղություն եւ բարօրություն, ինչպես նաեւ մեր երկու երկրների բարեկամական կապերի հետագա խորացում եւ ամրապնդում»: