Եթե մարդն, անկախ իր կամքից, հայտնվել է հայրենիքի սահմաններից դուրս, չափահաս դառնալուց հետո նա պարտավոր է պարտադիր զինվորական ծառայության անցնել՝ երկրի հանդեպ կատարելով իր պարտքը: Այդ մասին խորհրդարանի նիստում դեկտեմբերի 5-ին՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում, հայտարարել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Ըստ նրա՝ շատ քաղաքացիներ տարիներով չեն սպասել, այլ համարյա անմիջապես հանրապետություն են եկել՝ զինծառայություն անցնելու համար:

«Նրանցից շատերը մնացել են, ոմանք էլ ծառայությունն ավարտելուց հետո մեկնել են», - հստակեցրել է Զաքարյանը՝ հավելելով, որ ի սկզբանե այդ օրենքը դրական նպատակներ է հետապնդել եւ քաղաքացիներին հնարավորություն ու ժամանակ տվել, որպեսզի վերադառնան հայրենիք ու պարտադիր զինվորական ծառայություն անցնեն: Սակայն տարիներ անց այդ օրենքը, ըստ նրա, որոշ քաղաքացիների համար հնարավորություն է ստեղծել խուսափել երկրի եւ հանրության առջեւ իր քաղաքացիական պարտքը կատարելուց:

Փոխնախարարն առաջարկել է սկզբունքայնորեն  հրաժարվել այդ օրենքից եւ նշել, որ դրա հնարավորություններից օգտվել են միայն տասնյակից քիչ ավելի դասալիքներ, իսկ պետբյուջեն ավելացել է 10 միլիարդ դրամով՝ ի հաշիվ այն քաղաքացիների, որոնք խախտել են պարտադիր զինծառայություն անցնելու մասին օրենքը:

Ամեն դեպքում, զինապարտներին քրեական հետապնդումից խուսափելու հնարավորություն ընձեռող առաջարկվող փոփոխություններին անմիջականորեն դեմ Պաշտպանության նախարարությունը հանդես չի եկել՝ սահմանափակվելով միայն նախաձեռնության վնասի մասին ընդհանուր արտահայտություններով: