Հայաստանում աղքատության մակարդակի վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները դեռ պետք է ուսումնասիրվեն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
«ԱՎԾ-ի տրամադրած տեղեկությունը ավելի մանրամասն ուսումնասիրության կարիք ունի, բնականաբար, յուրաքանչյուր տարի, երբ հրապարակվում են Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, մեր նախարարությունը ավելի մանրամասն ուսումնասիրում է բնակչության սոցիալական խմբերի հետ կապված փոփոխություններ կա՞ն, թե չկան», - նշել է Արտեմ Ասատրյանը:
Նա չմեկնաբանեց աղքատության մակարդակի վերաբերյալ ԱՎԾ-ի հրապարակած տվյալները, ուսումնասիրությունից հետո միայն կկարողանան ավելի առարկայական եզրակացությունների հանգել:
Ըստ ԱՎԾ-ի հրապարակման՝ 2016թ-ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29,4 %՝ նախորդ տարվա՝ 29,8 %-ի համեմատ։




























